Հանձնաժողովին չներկայանալու գործով մերժել են Ծուլուկիանիի հարցաքննությունը

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Իրակլի Շվանգիրաձեն մերժել է «Վրացական երազանք»-ի ստեղծած ժամանակավոր քննչական հանձնաժողովի նախագահ Թեա Ծուլուկիանիին և հանձնաժողովի անդամներին դատարանում որպես վկա հարցաքննել։

Շվանգիրաձեն որոշումը հրապարակել է այսօր՝ մայիսի 19-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանում՝ նույն հանձնաժողովի անդամների պահանջով ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Բադրի Ջափարիձեի դեմ հարուցված գործով նախնական դատական ​​նիստի ժամանակ։

Ջափարիձեի փաստաբանները պահանջել են հարցաքննել Թեա Ծուլուկիանիին և հանձնաժողովի մյուս անդամներին որպես վկաներ։ Դատախազությունը քննության շրջանակներում չի հարցաքննել հանձնաժողովի անդամներին։ Նրանք դրա անհրաժեշտությունը չեն տեսել, քանի որ կարծում են` ունեն այլ ապացույցներ, որոնք բավարար են գործի համար։

Ջափարիձեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով` Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի խնդրանքը չկատարելը։ Այս մեղադրանքը պատժվում է տուգանքով կամ մինչև մեկ տարի ազատազրկմամբ։ Քաղաքական գործչի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 50 հազար լարի գրավ, որը նա վճարել է սահմանված ժամկետում։

Նրա փաստաբան Զվիադ Կորձաձեն ասել է, որ գործի քննությունը պետք է դադարեցվի, քանի որ չկա իրավական հիմք քննություն սկսելու համար։

Որպես բողոքի նշան Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին չէր վճարել գրավը. հենց դրա պատճառով Թբիլիսիի քաղաքային դատարանը «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության ղեկավարման տարիներին տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած, այդ թվում` պաշտպանության նախարարի (ՊՆ) պաշտոնը, Իրակլի Օքրուաշվիլիի նկատմամբ խափանման միջոց նշանակված 20 հազար լարի գրավը փոխարինեց կալանքով։ Օքրուաշվիլին կալանավորվել է հենց դատարանի դահլիճում։

Նիստին չներկայանալու համար արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց գրավ է կիրառվել Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի («Ուժեղ Վրաստան» կուսակցություն) նկատմամբ` յուրաքանչյուրին 50 հազարական լարի գրավ։ «Միացյալ ազգային շարժման» կառավարության տարիներին պաշտպանության, ներքին գործերի և էկոնոմիկայի նախարար Իրակլի Օքրուաշվիլիի նկատմամբ սահմանվել է 20 հազար լարի գրավ, և նրան արգելվել է լքել երկիրը, «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Զուրա Ջափարիձեի նկատմամբ՝ 20 հազար լարի, իսկ Գիվի Թարգամաձեի նկատմամբ` 10 հազար լարի, ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Նիկա Գվարամիայի նկատմամբ՝ 30 հազար լարի, «Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեի նկատմամբ` 50 հազար լարի գրավ, «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդ Նիկա Մելիայի նկատմամբ` 50 հազար լարի:

Հանձնաժողովի մասին

ՄԱՇ-ի իշխանավարման ժամանակահատվածն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին «Վրացական երազանք»-ը խոսեց 2025 թվականի հունվարի 9-ին։ Կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեի խոսքով, հանձնաժողովը կուսումնասիրի.

  • բանտերում բանտարկյալների նկատմամբ խոշտանգումների դեպքեր,
  • սպանության, բռնության և անձնական կյանքի ներխուժման դեպքեր,
  • կոռուպցիա և ճնշում բիզնեսի վրա, լրատվամիջոցների յուրացում,
  • 2008 թվականի օգոստոսյան պատերազմի «մեկնարկի ճանաչում» և «ռազմական հանցագործությունների համար վրաց զինվորականներին մեղադրելը»,
  • Մդինարաձեն նշել է, որ «2008 թվականի պատերազմի գործի հետաքննության թիրախները չեն լինելու ռազմական հրամանատարներն ու զինվորները»։

Հանձնաժողովը ստեղծվել է փետրվարի 5-ին՝ եռամսյա ժամկետով, որին աջակցել են «Վրացական երազանք»-ի 83 ներկայացուցիչներ։

Հանձնաժողովում աշխատում է ութ մարդ.

  • «Վրացական երազանք»-ից՝ Թեա Ծուլուկիանին, Թենգիզ Շարմանաշվիլին, Ալեքսանդրե Տաբատաձեն, Ալուդա Ղուդուշաուրին, Պաատա Սալիան,
  • Ընդդիմության քվոտան կվերցնեն «Վրացական երազանք»-ից անջատված, բայց նրա արբանյակ և կեղծ ընդդիմություն հանդիսացող «Ժողովրդի ուժ»-ից Սոզար Սուբարին, Գուրամ Մաճարաշվիլին և «Եվրոպական սոցիալիստներ»-ից Իլիա Ինջիան։

ՄԱՇ-ի գործունեության արգելումն ու կուսակցության համար «խիստ քաղաքական ու իրավական վճիռ» կայացնելը «Վրացական երազանք»-ի նախընտրական խոստումն էր, որի համար կուսակցությունը մտադիր էր խորհրդարան մտնել սահմանադրական մեծամասնությամբ, ինչը չհաջողվեց: