Վրաստանի «Առաջին ալիք»-ի (Հանրային հեռուստատեսություն) «Իրական տարածք» հաղորդաշարի պրոդյուսերին, խմբագրին և լրագրողներին ազատել են աշխատանքից։ Նրանք չեն համաձայնել ղեկավարության առաջարկին՝ տեղափոխվել այլ ծրագրեր ու բաժիններ և գործել վերջին տարիներին «Իրական տարածք»-ի ուղղվածությունից տարբեր։
Հաղորդաշարի պրոդյուսեր Քեթի Կապանաձեն, խմբագիր Տուխա Կվինիկաձեն, համահաղորդավար Սոսո Կացիտաձեն և լրագրողներ Թամար Մշվենիերաձեն ու Օմար Ծոծորիան մայիսի 13-ին հենց նշված պատճառով ազատվել են աշխատանքից:
«Առաջին ալիք»-ի կայքում «Իրական տարածք»-ը արդեն նշված է որպես արխիվացված ծրագիր։ Ծրագրի վրա աշխատող բոլոր աշխատակիցների անունները հանվել են ցուցակից։ Մնացել են միայն Գուրանդա Գոգինաշվիլին և Մերի Շիխաշվիլին, քանի որ ծննդաբերության արձակուրդում են. նրանց պայմանագրերը չեն խզվել։
Հանրայինի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլիի որոշմամբ՝ ապրիլի 11-ին խզվել է «Մոամբե» լրատվական ծրագրի հաղորդավար Վասիլ Իվանով-Չիքովանիի և Նինո Զաուտաշվիլիի պայմանագիրը։ Հանրայինը նշել է, որ «հրապարակային հայտարարություններով վերոնշյալ աշխատակիցները լիովին սպառել են իրենց գործատուի հետ գործնական և կառուցողական հարաբերությունների համար անհրաժեշտ ռեսուրսները»։
Հանրայինից ազատված այս բոլոր աշխատակիցները քննադատել են «Առաջին ալիք»-ի տեղեկատվական քաղաքականությունը՝ ասելով, որ ալիքը լիովին չի արտացոլում երկրում տիրող իրադարձությունները։
Վրաստանի «Առաջին ալիք»-ի՝ «Վրացական երազանք»-ի կառավարության նկատմամբ կողմնակալության մասին քննարկումները կրկին արդիական դարձան Վրաստանում նոր ընտրություններ պահանջող եվրոպամետ բողոքի ցույցերից ի վեր։ Որոշ դեպքերում հեռուստաալիքը նույնիսկ չի լուսաբանել հեռուստաընկերության շենքի առջև ընթացող բողոքի ցույցերը։