Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը դրվատել է «Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը, ըստ որի` Կոբախիձեն դատապարտել է վրացի երաժշտի ելույթը Tbilisi Open Air երաժշտական փառատոնում։
Երգիչ Էրեկլե Գեծաձեն Թբիլիսիում կայացած համերգի ժամանակ ելույթ է ունեցել՝ օգտագործելով ռուսական դրոշը։ Ռուսական լրատվամիջոցները և Telegram ալիքները Գեծաձեի ելույթը գնահատել են որպես «ռուսական եռագույն դրոշի պղծում», իսկ Կոբախիձեն Գեծաձեի ելույթը անվանել է «մշակույթից զուրկ դրսևորում»։ Գավրիլովը Կոբախիձեի հայտարարությունը «ճիշտ» է անվանել։
«Երգիչ Էրեկլե Գեծաձեի Թբիլիսիի բեմում դրոշով հայտնվելը քաջության դրսևորում չէ, այլ ցնցելու ցանկությամբ պարուրված տափակ անամոթություն։ Իրակլի Կոբախիձեն իրավացիորեն դատապարտել է միջադեպը», — հայտարարել է Գավրիլովը:
Ռուս քաղաքական գործիչը նաև ասել է, որ Ռուսաստանը և Վրաստանը կապված են «դարավոր ընդհանուր պատմությամբ, ազգակցական կապերով, լեզվով, ավանդույթներով», և որ երգչի ելույթը «ոչ մի կապ չունի վրացական իրական արժեքների հետ»։
Ռուսական լրատվամիջոցները նշել են, թե վրացի երաժիշտ Գեծաձեն Tbilisi Open Air երաժշտական փառատոնի ժամանակ վիրավորել է Ռուսաստանի դրոշը. «Երգիչը նախ ռուսական եռագույն դրոշը նետել է գետնին, ապա վերցրել և նետել աղբամանը: Դրանից հետո Գեծաձեն բնական կարիքների բավարարման (միզարձակում) իմիտացիա է բեմադրել»:
«Ռուս իրավապահ մարմինների աշխատակիցները կգնահատեն Վրաստանում ռուսական եռագույն դրոշով «կատարված» ներկայացումը», — վրաստանյան «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական հետաքննություն է սկսել Թբիլիսիում կայացած համերգի ժամանակ Ռուսաստանի դրոշի պղծման միջադեպի վերաբերյալ։ Գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հրամայել է հարուցել քրեական գործ և հետաքննություն անցկացնել։