Վրաստանի նախկին վարչապետ և ՆԳ նախարարը Գիորգի Գախարիային կրկին կանչվել է Խորհրդարանում ստեղծված ժամանակավոր քննչական հանձնաժողովի նիստին․ այս անգամ նա մեղադրվում է օկուպացիոն գծի մոտ, վրացական գյուղում հսկիչ կետ տեղադրելու համար։
Հանձնաժողովի նախագահ Թեա Ծուլուկիանին նշել է, որ 2019 թվականի օգոստոսի վերջին Ներքին գործերի նախարարի պաշտոնն զբաղեցնող Գախարիան՝ «առանց համաձայնության», «անակնկալ կերպով» և «միանձնյա որոշմամբ» հսկիչ կետ է տեղադրել Խաշուրիի շրջանի Չորչանա գյուղում՝ Հվ․Օսիայի հետ շփման գծի մոտ։ Ըստ նրա՝ Գախարիան չի անցել պատշաճ ընթացակարգերով, և «Պետական անվտանգության ծառայությունը հսկիչ կետի տեղադրման մասին իմացել է օսերից՝ թեժ գծի միջոցով»։
Գախարիան էլ իր հերթին նշել է, որ մեղադրող կողմը կարող է հիմա այլ բան պնդել, բայց այն ժամանակ «բոլորն ամեն ինչ գիտեին», և 2019 թվականի օգոստոսին ժամանակը սպառվում էր, անհրաժեշտ էր «միջամտություն», քանի որ նկատվում էր ռուսական հատուկ տեխնիկայի տեղաշարժ և վտանգված էր 1800 հեկտար անտառ։
Քննչական հանձնաժողովի անդամ և «Վրացական երազանք»-ի պատգամավոր Ալեքսանդրե Տաբատաձեն, որ 2019 թվականին ՀԱԾ-ի պետի տեղակալն էր, նիստում հաստատել է, որ Պետական անվտանգության ծառայության և Ներքին գործերի նախարարության միջև իսկապես կապ է եղել, բայց նաև հավելել է. «Պետական անվտանգության ծառայությունը կտրականապես դեմ է եղել (հսկիչ կետի տեղադրմանը)»։
Վրացի վերլուծաբանները «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում գնահատեցին իրավիճակը և հետևություններ արեցին, թե ինչու է ժամանակավոր քննչական հանձնաժողովը այդ թեմային անդրադարձ կատարում հենց այս շրջանում:
Վերլուծաբանները նշում են՝ քանի որ սա տեղի է ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ, ուստի պարզ է, որ «Վրացական երազանք»-ը մտահոգված է, որ Գախարիան կմասնակցի ընտրություններին, չնայած, չբացառելով Գախարիայի ձերբակալությունը, ասացին. «Եթե Գախարիայի ձերբակալության ֆոնին կուսակցությունը, այնուամենայնիվ, մասնակցի ընտրություններին, նրանք ձայներ կհավաքեն՝ թեկուզ Գախարիային աջակցելու ցանկությամբ»:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում «Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտի» (DRI) հիմնադիր, Վրաստանի հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին ընդգծեց այն հանգամանքը, որ Գախարիան մեկ անգամ արդեն ներկայացել է հանձնաժողով հարցաքննության, «և նրան նորից կանչելը շատ անհասկանալի է»։
«Սա հազվագյուտ դեպք էր, երբ կառավարությունը կանխարգելիչ կերպով պաշտպանում էր վրացական տարածքը՝ տարածքների սահմանազատման և բռնակցման ռիսկի ու սպառնալիքի պատճառով։ Ռուսաստանը և «Վրացական երազանք»-ը չեն ներում Գախարիային այդ որոշման համար»,- ասում է հանրային նախկին պաշտպանը։
Նրա խոսքով` Չորչանայի վերաբերյալ թեմայի ակտիվացումն առնչվում է նաև 2008 թվականի պատերազմի թեմային, և «հանձնաժողովն անմիջականորեն կատարում է Ռուսաստանի հրամանը, որը պատիժ է պահանջում Վրաստանից՝ 2008 թվականի պատերազմի համար»։
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախկին պետնախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին, իր հերթին, ասում է.
«Ես կարծում եմ, որ Վրաստանը ո՛չ շահեց, ո՛չ էլ կորցրեց հսկիչ կետի միջադեպից հետո։ Ի վերջո, ոչինչ տեղի չունեցավ։ Արդյունքը նույն զրոն է, ինչ նախկինում։ Հետևաբար, դրա մասին խոսելը անհեթեթություն է»:
Զաքարեիշվիլիի խոսքով՝ ««Վրացական երազանք»-ը վախենում է Գախարիայից, քանի որ, ի տարբերություն մյուսների, նա չի հրաժարվել ընտրություններին մասնակցելուց»:
Կոնֆլիկտաբանն ընդգծել է, որ անհնար է անցակետի բացումը չհամաձայնեցված լինի. վարչապետը, պաշտպանության նախարարը և անվտանգության ծառայությունը չէին կարող չիմանալ, որ Գախարիան նման բան է պլանավորում։
Փաստերի ստուգման GeoFacts-ի վերլուծաբան Գիորգի Էլիզբարաշվիլին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ կատարելով վերոնշյալ թեմային, գրել է.
«Մենք կարող ենք Գախարիայի հետ վիճել շատ բաների շուրջ, բայց ոչ Չորչանայի անցակետի, 2008 թվականին Վրաստանը ներկայացնում էր Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, իսկ 2019 թվականին Վրաստանը ներկայացնում էր Գիորգի Գախարիան։ Նրանց մեղադրելը նշանակում է մեղադրել Վրաստանին»։
Վերլուծաբանը հավելել է` Վրաստանը չի կարող մեղավոր լինել վրացական տարածքների օկուպացիայի համար։
Նշենք. «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության հաղորդմամբ` Գիորգի Գախարիան ներկայումս գտնվում է արտերկրում, ուստի նա պատրաստակամություն է հայտնել հեռակա կարգով մասնակցել հանձնաժողովի հարցաքննությանը։
Հունիսի 22-ին հանձնաժողովից տեղեկացրել են, որ հանձնաժողովը հրաժարվում է հեռակա կարգով հարցաքննել Գիորգի Գախարիային և պնդում է, որ նա ֆիզիկապես ներկա լինի։
Գախարիան առաջին անգամ ներկայացել է հանձնաժողով 2025 թվականի ապրիլի 14-ի նիստին, որը տևել է 6 ժամ։
Գիորգի Գախարիային կրկին կանչել են ժամանակավոր քննչական հանձնաժողով