Հերթական քաղաքական խորհրդակցություն ՀՀ-ի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև

Երևանում Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցություններն են անցկացվել։ Այս տեղեկությունը հայտնել է «Արմենպրես» լրատվական գործակալությունը։

Հանդիպումը գլխավորել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան։

Լրատվամիջոցի փոխանցմամբ`  խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերային հարաբերությունների շարունակական խորացումը, կարևորել են Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի փոխայցերն ու շփումները։

Անդրադարձ է կատարվել երկկողմ տնտեսական համագործակցությանը, զբոսաշրջության, տրանսպորտի, էներգետիկայի, առևտրի և ներդրումների ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակի, մշակութային, կրթական կապերի ամրապնդմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը:

Ըստ լրատվամիջոցի, կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային խաղաղությանն ու համագործակցությանն առնչվող հարցեր, որոնց համատեքստում Վահան Կոստանյանը տեղեկացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ-ի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքների մասին։