«Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին մեկնել է ԱՄՆ, որտեղ ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում, հաղորդել է Կղավելաշվիլիի մամուլի ծառայությունը։
Մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Կղավելաշվիլին ԱՄՆ-ում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշին։
Կղավելաշվիլին նաև կմասնակցի Նյու Յորքում Գլխավոր ասամբլեայի մասնակից պատվիրակությունների ղեկավարների պատվին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և առաջին տիկին Մելանյա Թրամփի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։
Հիշեցնենք, վերջերս Միխեիլ Կղավելաշվիլին բաց նամակ էր հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ընդգծելով, թե չնայած Վրաստանի և ԱՄՆ-ի միջև արժեքների լիակատար համընկնմանը, Վաշինգտոնի վարչակազմը բավարար ուշադրություն չի դարձնում Վրաստանին։
Հատկանշական է, որ Արևմտյան մի շարք երկրներ, նաև ԵՄ-ն և ԱՄՆ-ն չեն ընդունում «Վրացական երազանք»-ի կառավարության լեգիտիմությունը և Վրաստանի հետ դադարեցրել են մի շարք համագործակցություններ՝ ի պատասխան ժողովրդավարական հետընթացի։