ԵԽԽՎ-ն Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև ընդունեց

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) երեկ ընդունեց Վրաստանի վերաբերյալ բանաձև՝ «Վրաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության աջակցություն» վերնագրով։

Քվեարկությունից առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում տեղի է ունեցել քննարկում։

Բանաձևն ընդունվել է 69 կողմ, 7 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Բանաձևում նշված է, որ Վեհաժողովը խորապես մտահոգված է, որ «վրացական իշխանությունները համակարգված կերպով անտեսում են Վրաստանում ժողովրդավարական ճգնաժամի վերաբերյալ իր մտահոգություններն ու առաջարկությունները, որոնց համամիտ է նաև միջազգային հանրությունը»։

«Ժողովրդավարության արագ անկումը շարունակվել է այնչափ, որ Վրաստանում ժողովրդավարության գոյությունն այժմ հարցականի տակ է։

Վեհաժողովը մտահոգված է, որ պետական ​​ծառայողների նկատմամբ սպառնալիքներն ու հաշվեհարդարները, այդ թվում՝ զանգվածային ազատումները, շարունակվում են։ Սա վտանգի տակ է դնում Վրաստանում անկախ և անաչառ պետական ​​ծառայության գոյությունը», — նշված է բանաձևում։

Վեհաժողովն իր աջակցությունն է հայտնել վրացական քաղաքացիական հասարակությանը և դատապարտել Մզիա Ամաղլոբելիի և այլ քաղաքական բանտարկյալների նկատմամբ իրավական հետապնդումները։

Վեհաժողովը նաև մտահոգված է Թեա Ծուլուկիանիի հետաքննչական հանձնաժողովի որոշումներով, որը հայտարարել է ընդդիմության գործունեության արգելման մտադրության մասին. ըստ վեհաժողովի՝ ամբողջ ժողովրդավարական ընդդիմության արգելումը նշանակում է բռնապետության հաստատում։

Բանաձևի վերջում Վեհաժողովը կոչ է արել Վրաստանի իշխանություններին «անհապաղ կանգնեցնել երկրում ժողովրդավարության փլուզման գործընթացը»։ Վեհաժողովը նաև հաստատել է կառուցողական երկխոսության իր պատրաստակամությունը, սակայն նշել է, որ նման երկխոսությունը կարող է տեղի ունենալ միայն «երբ իշխանությունները ճանաչեն Եվրոպայի խորհրդի հիմնարար նորմերն ու սկզբունքները»։

Բանաձևի 8-րդ կետի վերջում ավելացվել են մի քանի նախադասություններ, որոնցում նշված է, որ Վեհաժողովը մտահոգված է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ղեկավարների հարցաքննության կապակցությամբ, և նրանց գնահատմամբ` այդ քայլն արտացոլում է «Վրաստանում անկախ քաղաքացիական հասարակության արագ և միտումնավոր ապամոնտաժումը»։

«Այս բանաձևն արձագանքում է այն ճգնաժամին, որն այլևս չի կարող անտեսվել։ Վրաստանում ստեղծված իրավիճակը չափազանց մտահոգիչ է», — ասել է Վրաստանի հարցերով ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցող Էդիտ Էստրելան։

Նա ասել է, որ Վրաստանի իշխանությունները որևէ առաջընթաց չեն գրանցել նախորդ քննարկումների ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի արած առաջարկությունների վերաբերյալ, և որ ժողովրդավարական նահանջը սրվել է։

«Հավանաբար ամենաանհանգստացնողը քաղաքական հետաքննությունների պատրվակով ընդդիմադիր կուսակցություններն արգելելու մասին հայտարարված նպատակն է։ Եթե սա իրականացվի, բազմակարծությունը կփլուզվի, բոլոր ժողովրդավարական այլընտրանքները կդադարեն գործել, և Վրաստանը կմոտենա միակուսակցական պետությանը», — ասել է Էստրելան։

Վեհաժողովում ելույթ ունեցողները շեշտել են, որ իրենց քննադատությունն ուղղված է վրացական իշխանություններին, այլ ոչ թե վրաց ժողովրդին։

Գուստավ Գոտբերգը (Շվեդիա, Եվրոպական ժողովրդական կուսակցություն) ասել է, որ վրաց ժողովրդի մեծամասնությունը ցանկանում է «ազատություն, օրենքի գերակայություն և ժողովրդավարություն։ Նրանք ցանկանում են օգտագործել իրենց խոսքի ազատությունը քաղաքական արշավներում առանց բանտարկվելու։ Նրանք ցանկանում են ներգրավված լինել վրացական քաղաքացիական հասարակության գործունեության մեջ, որն այժմ աննախադեպ հարձակման է ենթարկվում»։

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է ԵԽԽՎ-ում Վրաստանի վերաբերյալ քննարկմանը։ Կոպենհագենում Եվրոպական քաղաքական միության (ԵՔՄ) գագաթնաժողովից հետո լրատվամիջոցների հարցին ի պատասխան նա ասել է, որ «այս բանաձևերը ոչ մի արժեք չունեն վրացական հասարակության աչքում»։