Քաղբանտարկյալների մայրերը սնունդ են պատրաստում ցուցարարների համար

Քաղբանտարկյալների ծնողները կմիանան այսօրվա բողոքի ցույցին: Տեղեկության համաձայն՝ առավոտից նրանք սնունդ են պատրաստում ցուցարարների, այդ թվում՝ շրջաններից ժամանած քաղաքացիների համար։

Քաղբանտարկյալների մայրերը նշել են, որ մինչև վերջ պայքարելու են երկրի և իրենց երեխաների ազատության համար։

«Ես անպայման պայքարելու եմ Զվիադի ընկերների հետ, մենք պետք է փրկենք երկիրը Ռուսաստանի ճիրաններից։ Պայքարե’նք մինչև վերջ։ Մենք չենք հանձնվի, մենք կպայքարենք երկիրը և մեր երեխաներին փրկելու համար, մեզ ոչինչ չի կանգնեցնի»,- ասել է ցույցերի ժամանակ ձերբակալված Զվիադ Ցեցխլաձեի մայրը։

Քաղաքացիները մայրաքաղաքի գլխավոր պողոտայում կհավաքվեն ժամը 16:00-ից։ Ուսանողների բողոքի երթը կսկսվի ԹՊՀ-ի առաջին մասնաշենքից ժամը 15:00-ին։

Հիշեցնենք, այսօրվա ՏԻՄ ընտրությունները Վրաստանում անցնում են ընդդիմադիր դաշտում հակադիր մոտեցումների պայմաններում։ Ընդդիմության մի մասն ընտրությունները բոյկոտում է՝ համարելով, որ դրանք չեն ապահովում իրական մրցակցային միջավայր, իսկ մյուս մասը մասնակցությունը դիտարկում է որպես կարևոր և որոշիչ քայլ երկրի քաղաքական ապագայի համար։

Հարկ է նշել, որ ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար»-ը և «Լելո— Ուժեղ Վրաստան»-ն ի սկզբանե ստորագրել էին համագործակցության հուշագիր համակարգված քայլերի վերաբերյալ։
Միաժամանակ, երկու խոշոր ընդդիմադիր ուժեր՝ «Միացյալ ազգային շարժում»-ը և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը, որոնք 2024 թվականին ընդդիմադիր դաշտում ունեին զգալի արդյունքներ, կորցրել են իրենց ընտրական համարները, քանի որ հրաժարվել են մասնակցել ընտրություններին։
Նշենք նաև, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրություններն անցկացվում են առանց հավաստի և անկախ դիտորդական այն կազմակերպությունների, որոնք նախորդ տարիներին բազմիցս հետևել են Վրաստանի ընտրական գործընթացներին, դրանց թվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ISFED-ը, Transparency International Georgia-ն և այլն։