ՆԳՆ-ն ձերբակալել է 13 ցուցարարի

Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է հոկտեմբերի 4-ի բողոքի ակցիային մասնակցած 13 անձի, նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեն։

Նրա խոսքով՝ ևս երկու նույնականացված անձ «թաքնվել է»։

«Առաջին փուլում իրավապահ մարմինների աշխատակիցները նույնականացրել են հանցագործությանը մասնակցած 15 անձի, որոնցից 13-ն արդեն ձերբակալվել են դատարանի որոշման հիման վրա», — ասել է Դարախվելիձեն՝ հավելելով, որ իրենք նաև աշխատանքներ են տանում այլ անձանց նույնականացման ուղղությամբ։

Ի դեպ, հոկտեմբերի 4-ին, երբ Վրաստանում անցկացվում էին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, մայրաքաղաքում ընթանում էր հանրահավաք։ Քաղաքացիները նախ հավաքվել էին Ազատության հրապարակում, ապա շարժվել դեպի Աթոնելիի փողոց, որտեղ գտնվում է նախագահի նստավայրը։ Նրանցից մի քանիսը կոտրել են երկաթե ցանկապատը և մտել նստավայրի բակ։ Նրանց ցրել են ոստիկանական ուժերը։

Նույն գիշերը ձերբակալվել են հոկտեմբերի 4-ի հանրահավաքի կազմկոմիտեի բոլոր հինգ անդամները՝ Պաատա Մանջգալաձեն, Պաատա Բուրճուլաձեն, Մուրթազ Զոդելավան, Իրակլի Նադիրաձեն և Լաշա Բերիձեն, որոնց արդեն մեղադրանք է առաջադրվել, և Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, կքննի նրանց գործը խափանման միջոցի վերաբերյալ։