«Վրացական երազանք»-ի ընդունած նոր օրենքները. ինչ է ասում հասարակությունը

Վերջին օրերին «Վրացական երազանք» կուսակցությունը նախաձեռնեց և արագացված կարգով ընդունեց մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք, ըստ հանրության լայն շրջանակի, զգալիորեն սահմանափակում են քաղաքական ազատությունները և խստացնում վերահսկողությունն ընդդիմության, ցուցարարների և քաղաքացիական հասարակության նկատմամբ։

Խստացված օրենքներ և քաղաքական դաշտի գործունեության սահմանափակումներ

Կուսակցությունների գործունեության արգելման նոր օրենք ընդդեմ ընդդիմադիր ուժերի

«Վրացական երազանք»-ը շտապ կարգով ընդունել է նոր օրենք, որը կվերաբերի բոլոր այն քաղաքական գործիչներին, որոնց կուսակցության գործունեությունը կչեղարկի Սահմանադրական դատարանը. բովանդակության մասին խոսել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կիրցխալիան։

Օրինագծի համաձայն` եթե Սահմանադրական դատարանը կուսակցության գրանցումը չեղարկի, դրանից հետո քաղաքական գործիչներին կարգելվեն կուսակցության ղեկավարումը, անդամակցությունը, պաշտոն զբաղեցնելը, ընտրություններին մասնակցելը։

Կիրցխալիան հավելել է, որ այդ քաղաքական գործիչներին կարգելվի նաև այլ կուսակցություններին անդամակցելը, և նրանց չեն գրանցի ընտրացուցակներում։

Ավելին, այն քաղաքական գործիչը, ում վրա կտարածվի Սահմանադրական դատարանի որոշումը, չի կարող կուսակցությանը նվիրատվություններ անել։

«Վրացական երազանք»-ն առաջին փուլում նախատեսում է «Միացյալ Ազգային շարժում» կուսակցության գործունեությունն արգելել․ օրենքն արդեն ընդունվել է երրորդ քննարկմամբ։

Նոր պատիժներ ճանապարհ փակելու և ոստիկանին չենթարկվելու համար

Իշխանությունը կրկին խստացրել է օրենքներն ընդդեմ ցուցարարների։ Այսուհետ ակցիաների ժամանակ սահմանված կանոնների խախտումը կդառնա քրեական կարգով պատժելի, և կկիրառվի մինչև մեկ կամ երկու տարի ազատազրկման պատիժը։

Փոփոխությունները լրատվամիջոցներին է ներկայացրել խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կիրցխալիան։

Ըստ օրինագծի` դատավորը կզրկվի տուգանք կիրառելու իրավունքից և ցուցարարին միանգամից կուղարկի մինչև 60 օր ազատազրկման հետևյալ դեպքերում.

• Եթե ակցիայի ժամանակ նրա մոտ հայտնաբերվեն հրազեն, հեշտությամբ բռնկվող նյութ, սառը զենք կամ պիրոտեխնիկա։

• Եթե ոստիկանությունը որոշում կայացնի հավաքը ցրելու մասին, իսկ ցուցարարը չենթարկվի։

Առանց տուգանքի կիրառման, անմիջապես մինչև 15 օր ազատազրկում կնախատեսվի ակցիայի ժամանակ դիմակ կրելու համար։ Նույն պատիժը կկիրառվի նրանց նկատմամբ, ովքեր ակցիայի ժամանակ ձեռքի տակ կունենան արցունքաբեր միջոց կամ դիտավորյալ կխոչընդոտեն մարդկանց կամ տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

«Նման արգելված գործողությունների կրկնակի կատարման դեպքում քրեական պատասխանատվության կենթարկվեն մինչև մեկ տարի ժամկետով, իսկ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ նույն օրինազանց գործողությունը կպատժվի մինչև երկու տարի ժամկետով», — ասել է Կիրցխալիան։

Ի դեպ, այս օրենքն արդեն կիրառվում է. վերջին օրերին մի շարք ակտիվիստներ են ենթարկվել վարչական կալանքի դիմակ կրելու պատճառով։ Հասարակությունը խստորեն դատապարտում է նման սահմանափակումները։

Խստացվել է վնասի փոխհատուցման մասին օրենքը

«Վրացական երազանք»-ի սեպտեմբերին ընդունած օրենքը, որը վերաբերում է վնասի փոխհատուցմանը, խստացվել է։

Փոփոխություններ են ներառվել Քրեական դատավարության օրենսգրքի «Վրաստանի քաղաքացիների՝ Վրաստանից ելքի և Վրաստան մուտքի կանոնների մասին» օրենքում, «Հանցագործությունների կանխարգելման, կալանք չպահանջող պատիժների իրականացման կարգի և փորձաշրջանի մասին» և «Կատարողական վարույթների մասին» օրենքներում։

Փոփոխությունների համաձայն, մի շարք ֆինանսական և տնտեսական հանցագործությունների համար դատապարտված անձանց կարգելվի երկիրը լքել, քանի դեռ ամբողջությամբ չեն փոխհատուցել վնասը։ Այսինքն, չեղարկվում է նման արգելքին առնչվող վերին շեմը, որը սահմանված էր Վրաստանից դուրս գալու 16 տարվա արգելքով։

Սեպտեմբերին ընդունված և դեռևս գործող օրենքով ֆինանսական հանցագործությունների համար դատապարտվածներին արգելվում է Վրաստանից դուրս գալ դատարանի մեղադրական դատավճռով, և երկրից դուրս գալու արգելքը կիրառվում է միայն դատարանի մեղադրական դատավճռի միջոցով, իսկ խորհրդարան ներկայացված նոր օրինագծով դատապարտվածին Վրաստանից դուրս գալու արգելքը կսահմանվի առանց դատարանի մեղադրական դատավճռում դրա մասին նշելու։

Տեղեկացնենք, որ խորհրդարանը սեպտեմբերի 3-ին երրորդ ընթերցմամբ ընդունել էր օրենք, որը սահմանափակում էր ֆինանսական և տնտեսական հանցագործությունների համար դատապարտված անձանց Վրաստանը լքելը և արգելում էր երկրից դուրս գալը 16 տարով։

Ըստ օրենքի` դատապարտվածը, որին պարտադրվում է վնասի փոխհատուցում, պարտավոր է կրել էլեկտրոնային ապարանջան, և հնարավոր է` նրանից ու նրա ընտանիքի անդամներից առգրավվի գույքը և փոխանցվի տուժողին։

Նույն օրենքով` դատապարտվածին, մինչև վնասի փոխհատուցումը, արգելվում է ունենալ ապրուստի նվազագույնի կրկնակի չափից ավելի գումար։ Նման անձի անվամբ գումար կամ գույք փոխանցելը կդիտվի որպես առանձին հանցագործություն և կպատժվի տուգանքով կամ մինչև հինգ տարի ազատազրկմամբ։

 Քաղաքացիական հասարակությունը, ընդդիմադիր կուսակցությունները և իրավապաշտպան կազմակերպությունները խիստ քննադատությամբ են արձագանքել այս բոլոր նախաձեռնություններին՝ դիտարկելով դրանք որպես իշխանության իրականացրած համակարգային հարձակում։

Քննադատների կարծիքով` նոր օրենքներն ուղղակիորեն ծառայում են «Վրացական երազանք»-ի քաղաքական նպատակներին՝ լռեցնելու ընդդիմախոսներին և սահմանափակելու նրանց գործունեությունը։ Մասնավորապես, քաղաքական գործունեության արգելքի օրինագիծը համարվում է ընդդիմադիր կուսակցություններին թիրախավորելու փորձ։

Քաղաքացիական ակտիվիստներն արձագանքել են վարչական իրավախախտումների և քրեական օրենսգրքերի փոփոխություններին և նշել են, որ «Վրացական երազանք»-ը նոր օրինագիծը կօգտագործի Ռուսթավելիի պողոտայում խաղաղ բողոքի ցույցերը ճնշելու համար։

Քաղաքացիական ակտիվիստ Էլենե Քաիխոսոշվիլիի խոսքով` եթե Վրաստանի քաղաքացիները չկարողանան կանգնեցնել և փոխել «Վրացական երազանք»-ի նոր օրենքները, ապագայում իշխանությունը կօգտագործի այդ փոփոխություններն այլ բողոքի ակցիաներ ճնշելու համար. օրինակ՝ ծնողների բողոքի ակցիաները դեղորայքի ֆինանսավորման համար և այլն։

«Այս կոնկրետ ճնշող օրենքները վերաբերում են հատկապես Ռուսթավելիում ամենօրյա խաղաղ բողոքի ակցիաներին, բայց այս օրենքները, եթե մենք չկարողանանք կանգնեցնել և փոխել այս ամենը, կտարածվեն մարդկանց նախաձեռնած անխտիր բոլոր տեսակի բողոքի ակցիաների վրա, և ռեժիմը կկիրառի այդ օրենքները՝ դրանք արագ դադարեցնելու համար։

Մենք հիշում ենք, օրինակ, ծնողների և մայրերի բողոքի ակցիան, որոնք պահանջում էին ֆինանսավորել իրենց երեխաների հազվագյուտ հիվանդության դեղերը։
Նույնիսկ նման ազնիվ բողոքի դեպքում այս օրենքները եթե ընդունվեն, ռեժիմը կարող է ազատորեն մարդկանց պատժել ճանապարհը փակելու համար մինչև 15 օր վարչական ազատազրկմամբ և այդպիսով ճնշել ցանկացած բողոքի ցույց», — ասել է Քաիխոսոշվիլին։

Ակտիվիստ Լևան Ջոբավայի խոսքով՝ եթե որևէ քաղաքացի կարծում է, որ այս բողոքի ակցիան իրեն չի վերաբերում, ապագայում ոչ մի կերպ չի ունենա իր կարծիքը բարձրաձայնելու հնարավորություն։

«Նրանք («Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները) փորձում են ավելի ու ավելի վատթարացնել տիրող իրավիճակը։ Եթե դուք քաղաքացի եք և կարծում եք, որ այս բողոքի ակցիան ձեզ չի վերաբերում` սխալվում եք. հետագայում ձեր խնդիրն ավելի կվատանա, և այդ դեպքում դուք ոչ մի կերպ չեք ունենա դրա մասին բարձրաձայնելու հնարավորություն», — ասել է Լևան Ջոբավան։

Քաղաքացիական ակտիվիստ Մեգի Դիասամիձեն նշել է, որ երկիրը գտնվում է բռնապետերի ձեռքում, և քաղաքացիները «պետք է անեն ամեն անհրաժեշտ բան»։

«Մենք ապրում ենք սովորական բռնապետության պայմաններում, որտեղ «Վրացական երազանք»-ը համատարած ճնշում է գործադրում։ Մենք պետք է ամեն ինչ անենք` նույնիսկ ժամանակավոր արդյունքով, անենք անհրաժեշտ ամեն բան, ինչը կվախեցնի ռեժիմին», — ասել է Մեգի Դիասամիձեն։

«Վրացական երազանք»-ի նոր օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ X-ում գրել է Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Վրաստանում ահաբեկությունը հասնում է նոր բարձունքների։

Իշխող կուսակցությունը ներկայացնելու է օրենքի նախագիծ, որը նախատեսում է ընդդիմադիր կուսակցությունների արգելում և բոլոր անդամներին ապագայում քաղաքական գործունեության ծավալման արգելք։ Փողոցում ցուցարարների դեմ վարչական մեղադրանքները կփոխարինվեն քրեական մեղադրանքներով»,- X-ում գրել է Զուրաբիշվիլին։

Վերոնշյալ թեմայի հետ կապված վրացական ՀԿ-ները նույնպես համատեղ հայտարարություն են տարածել։

Ըստ ՀԿ-ների` «Վրացական երազանք»-ի խորհրդարանի ներկայացրած Վարչական և Քրեական օրենսգրքերում փոփոխությունների նախաձեռնումը խաղաղ հավաքների և խոսքի ազատության ուղղակի խախտումներ են։

Վրացական ՀԿ-ների հայտարարության համաձայն` նման օրենսդրությունն օտար է դեմոկրատական աշխարհին և հակասում է Վրաստանի Սահմանադրությանն ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիային։

Հայտարարության մեջ նշված է. «Իշխանությունն այս փոփոխություններով բոլորին նույն սպառնալիքն է ուղարկում. եթե ձայն հանես, կձերբակալեմ»։

ՀԿ-ները նշված փոփոխությունները գնահատում են որպես խաղաղ բողոքի արգելման փորձ։

«Վարչական և Քրեական օրենսգրքերում Խորհրդարանի ներկայացրած նոր փոփոխությունների նախաձեռնումը դեմոկրատական կարգի էական հիմքի՝ խաղաղ հավաքների և խոսքի ազատության ուղղակի խախտում է։ Այս փոփոխություններով իշխանությունը փորձում է արգելել բողոքի ցանկացած ձև։

Նախաձեռնված կանոնակարգը ստեղծում է այնպիսի իրավական իրականություն, որտեղ քաղաքացին կարող է պատժվել քրեական կարգով միայն այն պատճառով, որ ձայն է հանել։ Նման օրենսդրությունն օտար է դեմոկրատական աշխարհին և ուղղակիորեն հակասում է Վրաստանի Սահմանադրությանն ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիային»,- գրել են նրանք։

Ըստ Սոցիալական արդարության կենտրոնի՝ (SJC) «ակնհայտ է, որ նախաձեռնած փոփոխությունները Թբիլիսիում և այլ քաղաքներում ևս մեկ քայլ են շարունակական բողոքի ճնշման նպատակով»:

SJC-ն ընդգծել է, որ մի քանի փուլով իրականացված ռեպրեսիվ օրենքի փոփոխություններից հետո հերթական օրենսդրական նախաձեռնությունը հստակ ցույց է տալիս, որ «Վրացական երազանք»-ը բոլոր միջոցներով պայքարում է խաղաղ բողոքի արտահայտման դեմ:

«Հանցագործության կազմի ընդլայնումը հստակ ցույց է տալիս, որ իշխող թիմի նպատակն է պատժել ոչ միայն հավաքների կազմակերպիչներին և հատկապես ակտիվ մասնակիցներին, այլև բողոքի յուրաքանչյուր մասնակցի», — գրել է կազմակերպությունը։

Հարկ է նշել նաև, որ վերջին շրջանում Վրաստանում կրկին քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատման ալիք է բարձրացել։ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում փորձագետները նշել են, որ սա Վրաստանում տիրող բռնապետության ևս մեկ դրսևորում է։ Ըստ վերլուծաբանների՝  շուտով աշխատանքից ազատման այդ ալիքը կտարածվի ոչ միայն պետական հատվածում աշխատող անձանց վրա, այլ նաև նրանց, ովքեր ոչ պետական հատվածում են աշխատում, բայց ինչ-որ կերպ արտահայտում են իրենց քաղաքական դիրքորոշումը։

«Այս ռեպրեսիաները շուտով վերաբերելու են ոչ միայն պետական հատվածին, այլ նաև` ոչ պետական, բայց պետության հետ կապ ունեցող խոշոր բիզնեսին»,— «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասել էր «Հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը։