«Ազատության հրապարակ» շարժման առաջնորդ Լևան Ցուցքիրիձեն Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) առաջին մասնաշենքի մոտ կայացած ճեպազրույցի ժամանակ իր թիմակիցների հետ ներկայացրել է «ժողովրդավարական դիմադրության նոր փուլի 10 կետանոց ծրագիր»։ Նրա խոսքով՝ այդ ծրագիրը կարևոր է «դիմադրությունն ամրապնդելու» համար։
Ցուցքիրիձեի խոսքով՝ եկել է ժամանակը, երբ ավտորիտար ռեժիմի դեմ դիմադրությունը պետք է անցնի նոր փուլ՝ մոտեցնելով վերջնական հաջողությանը։
Ազատության հրապարակի ծրագիրը հետևյալն է.
- Համախոհների և զինակիցների հետ միասին շրջագայել Վրաստանի և Թբիլիսիի տարբեր շրջաններում՝ ճշմարտությունը ավելի շատ մարդկանց հասցնելու և շրջանային ու քաղաքացիական խորհուրդների ձևավորմանը նպաստելու համար։
- Ապացուցել, որ կարելի է ձևավորել իրական և ուժեղ այլընտրանք, տարեվերջին հրավիրել լայնածավալ քաղաքացիական համագումար, որտեղ կքննարկեն պայքարի հաջորդ քայլերը և կաջակցեն անցումային շրջանի տեսլականին ու ծրագրին։
- «Վրաստանի ազատության ծրագրի» ներկայացում՝ առաջիկա 30 օրվա ընթացքում։ Այնտեղ կնշվեն բոլոր կարևոր բարեփոխումներն ու քայլերը, որոնք անհրաժեշտ են ձեռնարկել ավտորիտարիզմից ժողովրդավարության վերականգնմանն անցնելու ընթացքում։
- Վրացական ազգային անվտանգության թարմացված դոկտրինի ներկայացումը առաջիկա 30 օրվա ընթացքում, որը կարտացոլի խաղաղության քաղաքականության տեսլականը ազգային, տարածաշրջանային և միջազգային մասշտաբով։ Ցուցքիրիձեի խոսքով՝ անվտանգության ռազմավարությունը տարիներ շարունակ չի թարմացրել «Վրացական երազանք»-ը, չնայած այն հանգամանքին, որ միշտ խոսում է խաղաղության մասին։
- Առաջիկա օրերին «Ազատության հրապարակ» թիմի այն անդամների ներկայացում, ովքեր ունեն հնարավորություն, փորձ և պրոֆեսիոնալիզմ՝ ստանձնելու երկրի կառավարման կարևոր հարցերի և ոլորտների պատասխանատվություն։
- «Լյուստրացիայի օրենքի» օգտին ստորագրահավաքի հանրային արշավ։
- Միջազգային աջակցությունն ամրապնդելու և սփյուռքին Վրաստանում ժողովրդավարությունը փրկելու գործում ավելի ակտիվորեն ներգրավելու համար կստեղծվի Ժողովրդավարության ազգային հիմնադրամ։
- «Երազանքի» վրա միջազգային ճնշումն ուժեղացնելու և համատեղ ջանքերն ավելի լավ համակարգելու համար կստեղծվի Արտաքին քաղաքականության խորհուրդ։ Խորհրդին մասնակցելու կհրավիրվեն տարբեր քաղաքական կուսակցությունների գործընկերներ, Վրաստանի հինգերորդ և չորրորդ նախագահները, նաև նախկին դիվանագետներ։ Խորհրդի նպատակն է համատեղ մշակել դիրքորոշումներ ու քաղաքականություն և ներկայացնել դրանք միջազգային ասպարեզում։
- Վրաստանի հարցը միջազգային օրակարգում ավելի ամրապնդելու և բարձրացնելու համար Եվրամիությունում կստեղծվի Վրաստանի ճգնաժամի վերաբերյալ մշտական միջազգային, բարձր մակարդակի համաժողով, որտեղ ամենաբարձր մակարդակով պարբերաբար կքննարկվեն Վրաստանում ժողովրդավարությունը փրկելու համար անհրաժեշտ քայլերը։
- Թափանցիկությունը, հրապարակայնությունը և հաշվետվողականությունը ևս մեկ անգամ ընդգծելու և ապացուցելու համար հաջորդ 2 ամիսների ընթացքում յուրաքանչյուր երեքշաբթի զեկույց կներկայացվի ժողովրդին:
«Ազատության հրապարակը», որը որպես քաղաքական ուժ ստեղծվել է 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ և անցյալ տարվա ընտրություններին մասնակցել է «Լելո»-ի շուրջ ստեղծված կոալիցիայով, դեռևս գործում է որպես շարժում, և պետությունը բյուրոկրատական խոչընդոտներ է ստեղծում նրանց դեմ՝ որպես կուսակցություն գրանցվելու առումով։