Վրացական ընդդիմադիր դաշտը «վերացման» վտանգի տակ

«Վրացական երազանք»-ը մտադիր է ընդդիմադիր կուսակցությունները ոչ սահմանադրական հայտարարել, իսկ ապագայում ընդդիմադիր գործիչների քաղաքական գործունեությունն արգելել։

Տեղական ինքնակառավարման ընտրություններից 9 օր անց՝ հոկտեմբերի 13-ին, «Վրացական երազանք»-ը իշխանության գալու 13-րդ տարում կրկին վերադարձավ «գործակալներ» կոչված քաղաքական ընդդիմախոսների արգելման խոստմանը։ Բացի «Միացյալ ազգային շարժում»-ից, արգելքը նախատեսվում է նաև այլ կուսակցությունների և կոնկրետ քաղաքական գործիչների նկատմամբ։

Ում և ինչ են արգելում

Վերջին օրերին արդեն հայտնի դարձավ, թե կոնկրետ որ կուսակցություններն են արգելվելու։ Իշխող կուսակցության («Վրացական երազանք») և նրա հետ կապված խմբերի («Ժողովրդի ուժ», «Եվրոպացի սոցիալիստներ») ներկայացրած փաստաթղթի համատեղ սահմանադրական հայցի բացատրությունը, հիմնավորումն ու նպատակը երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունների՝ «Միացյալ Ազգային Շարժման», «Կոալիցիա փոփոխությունների համար (Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա)» և «Ուժեղ Վրաստան – Լելո, ժողովրդի համար, ազատության համար» ճանաչումն է ոչ սահմանադրական և դրանց արգելումը։

«Վրացական երազանք»-ը հույս ունի, որ Սահմանադրական դատարանը կհաստատի իր հայցը։ Եթե դատարանը հաստատի համապատասխան որոշումը, ապա ընդդիմադիր քաղաքական գործիչների ամբողջ բանակիի վրա կտարածվեն հետևյալ արգելքները՝

  • մասնակցություն խորհրդարանական կամ տեղական ինքնակառավարման ընտրություններին,
  • բարձր պետական պաշտոնների զբաղեցում,
  • սահմանադրական մարմինների ղեկավարում,
  • նոր կուսակցության ստեղծում,
  • որևէ այլ կուսակցության անդամակցություն կամ կուսակցական պաշտոնի զբաղեցում։

Արգելքը կվերաբերի նաև այն կուսակցությանը, որը կհամագործակցի այն քաղաքական գործչի հետ, որը կդատապարտվի Սահմանադրությանը հակասող գործողությունների համար։

«Համախմբված ազգային շարժման» կազմում, որի արգելքը նախատեսում էր «Վրացական երազանք»-ը, ընդգրկված էր նաև նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցությունը՝ «Գախարիան Վրաստանի համար», սակայն Գախարիայի կուսակցության ներկայացուցիչները վերջերս մտան վիճահարույց խորհրդարան։

2025 թվականի հուլիսի 17-ին Իրակլի Կոբախիձեն լրագրողներին ասել էր, որ «ոչինչ չի փոխվում» այն հանգամանքով, որ տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցելու որոշում են կայացրել «Ուժեղ Վրաստան» և «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունները, և որ Սահմանադրական դատարան են ներկայացնելու հայց՝ «Համախմբված ազգային շարժման» կազմում նշված բոլոր չորս կուսակցությունների դեմ, սակայն վերջում հայտնի դարձավ, որ Գիորգի Գախարիայի կուսակցությունը չի արգելվի:

Հիշեցնենք, որ «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը վիճահարույց խորհրդարանում ներկայացված է 12 պատգամավորով։ 

«Ոչնչացվածի» արգելում

«Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները վաղուց են ընդդիմությանը «ոչնչացված» և «ամբողջովին ոչնչացված» անվանում։ Այդ դեպքում ինչու են հենց այժմ ծրագրում ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքական գործիչների քաղաքական գործունեության արգելքը, տարակուսելի է։

Քաղաքական վերլուծաբան և հեռուստահաղորդավար Արչիլ Գամզարդիան, որի հյուրը տարիներ առաջ [«20/30» հաղորդաշարում] հենց Բիձինա Իվանիշվիլին էր, նշել է մի քանի հավանական պատճառ․

«Առաջինը՝ դա կխոչընդոտի այս կուսակցությունների ներգրավմանը միջազգային կազմակերպություններում և նրանց հետագա հարաբերություններին։ Երկրորդը՝ կստեղծի քաղաքական միջավայր, որտեղ բռնապետության դեմ պայքարի մեթոդները պետք է վերանան։ «Վրացական երազանք»-ի ընտրազանգվածը կառուցված է քաղաքական ընդդիմության այս հատվածի հանդեպ առանձնահատուկ ատելության վրա»,  — ասել է Գամզարդիան։

Նրա խոսքով, նույն նպատակների շրջանակում է նաև հավաքների և ցույցերի մասին օրենքների խստացման ծրագիրը․ «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները ցանկանում են ստեղծել հասարակական և քաղաքական վարքի իրենց համար ցանկալի մոդել», — պարզաբանել է Գամզարդիան՝ նշելով, որ դա արդեն հիմնականում տոտալիտար համակարգերին բնորոշ ձեռագիր է։

Հոկտեմբերի 13-ի մամուլի ասուլիսում Իրակլի Կիրցխալիան հայտարարել է, որ բողոքի ակցիաների դեմ օրենքների խստացումը կանցկացնեն արագացված կարգով, և օրենքներն արդեն իսկ գործում են հոկտեմբերի 21-ի դրությամբ։

Ինչու հենց հիմա սկսվեց այս գործընթացը։ Արչիլ Գամզարդիան ենթադրում է, որ «Վրացական երազանք»-ն, ամենայն հավանականությամբ, հենց հիմա է տեսնում նման քայլերի անհրաժեշտությունն ու օգուտը, և դա կարող է ներառել նաև Արևմուտքի հետ «գործարքային հարաբերությունների» տարրեր։

«Պետք է արգելվեն նրանք, ովքեր ժողովրդի և երկրի թշնամիներ են։ Պետք է սահմանադրական մեծամասնություն, որպեսզի կարողանանք արգելել և ազատվել նրանցից», — ասել էր Բիձինա Իվանիշվիլին 2024 թվականի հոկտեմբերի 21-ին իշխանամետ «Իմեդի»-ի հարցազրույցում։

«Միայն այն դեպքում Վրաստանում կձևավորվի առողջ ժողովրդավարական համակարգ, երբ վերջնականապես կվերանա համախմբված «Ազգային շարժում»-ը, — հայտարարել էր Իրակլի Կոբախիձեն 2025 թվականի հոկտեմբերի 4-ին։

Քաղաքագետ, «Կովկասյան տան» ղեկավար Լևան Լորթքիփանիձեն մեզ հետ զրույցում նշեց.

«Ավտորիտար ռեժիմները միտում ունեն վերահսկելու ողջ քաղաքական դաշտը։ Նրանց նպատակն է ոչ միայն պետական կառույցների վերահսկումը, այլև ընդդիմության հպատակեցումը։ «Վրացական երազանք»-ի նպատակն ամբողջությամբ ենթարկեցնելն է նաև ընդդիմությանը։ Մի խոսքով, Իվանիշվիլիի թիմի ձգտումն է ստեղծել պետական ուղղահայաց կառավարմամբ ղեկավարվող քաղաքական դասակարգ։ Նրանք քաղաքական դաշտում թողնելու են միայն այն կուսակցություններին, որոնցից վտանգ չեն զգում, իսկ մնացածներից կազատվեն»։

Լորթքիփանիձեի խոսքով, ընդդիմությունը ժողովրդավարական համակարգի անբաժանելի մասն է, ու եթե իշխանության ընդդիմադիր ուժերն էլ վերահսկվեն Իվանիշվիլիի շրջանակների կողմից, ժողովրդավարական գործընթացը կկործանվի։ Երկիրը կանգնած է քաղաքական այլընտրանքների վերացման վտանգի առաջ։

Քաղաքագետն ընդդիմադիրների արգելումը համեմատում է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության նման ռեժիմի ձևավորման հետ. 1949–1989 թվականներին Արևելյան Գերմանիայում նույնպես ձևականորեն գոյություն ուներ բազմակուսակցականություն, բայց իրականում բոլոր որոշումներն ընդունում էր Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն, իսկ մյուս կուսակցություններն անվերապահորեն ենթարկվում էին այդ որոշումներին։

Քաղաքական նախապատմություն

«Վրացական երազանք»-ը հայտարարել է, որ 2024 թվականի ընտրություններում ստացած մանդատի հիման վրա սկսել է «Ազգային շարժման ռեժիմի» քաղաքական և իրավական գնահատման գործընթացը։ Այդ նպատակով ստեղծվել է ժամանակավոր քննիչ հանձնաժողով, որն ուսումնասիրել է «Ազգային շարժման» գործունեությունը 2003–2025 թվականներին։ 2025 թվականի սեպտեմբերին խորհրդարանն ընդունել է հանձնաժողովի եզրակացությունը։ Այսպիսով, քաղաքական գնահատման փուլը ավարտվել է, և այժմ սկսվում է իրավական փուլը Սահմանադրական դատարանի միջոցով կուսակցությունների արգելման պահանջով։

Հեղինակ` Հենրիխ Մալխասյան