ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ջոնաթան Ասկոնասի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանիին։
Հանդիպման ժամանակ Լևան Ժորժոլիանին նշել է, որ «Վրացական երազանք»-ի կառավարությունը գոհ չէ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ներկայիս վիճակից։
«Հանդիպման ընթացքում ուշադրություն դարձվեց երկրի տարանցիկ և կապի գործառույթն ամրապնդելու ուղղությամբ Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերին: Լևան Ժորժոլիանին ամերիկյան կողմին տեղեկատվություն տրամադրեց երկաթուղային, ճանապարհային և նավահանգստային ենթակառուցվածքներում վերոնշյալ գործառույթը զարգացնելու նպատակով Վրաստանի կառավարության կատարած նշանակալի ներդրումների մասին։
Կառավարության աշխատակազմի ղեկավարը նշեց, որ Վրաստանի կառավարությունը գոհ չէ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ներկայիս մակարդակից և ևս մեկ անգամ հաստատում է իր պատրաստակամությունը ռազմավարական գործընկերությունը մաքուր էջից՝ կոնկրետ ճանապարհային քարտեզով վերականգնելու համար։
Հանդիպման ժամանակ քննարկվեց Վրաստանի դիրքորոշումը «Թրամփի երթուղու» վերաբերյալ: Նշվեց «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» (TRIPP) հնարավոր դրական արդյունավետությունը՝ ամերիկյան կողմից բեռնափոխադրումների անվտանգության երաշխիքներ ստեղծելու առումով»,- նշված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ։