ԵԽ պատվիրակությունը կոչ է արել կասեցնել ընդդիմության առաջնորդների դեմ հարուցված գործերը

Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը կոչ է արել անհապաղ կասեցնել ընդդիմության առաջնորդների դեմ հարուցված գործերը. զեկուցողները խոր մտահոգություն են հայտնել ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների դեմ վերջերս հարուցված քրեական գործերի վերաբերյալ, որոնք կարող են երկարատև ազատազրկման հիմք դառնալ պետության դեմ ուղղված հանցագործությունների համար։

«Սա փաստացիորեն հավասարազոր է Վրաստանում բռնապետության հաստատման». Վրաստանում ստեղծված իրավիճակի մասին Ստրասբուրգի գնահատականն է սա։

«Այս մեղադրանքները հստակորեն քաղաքական դրդապատճառներ ունեն և պետք է դիտարկվեն Սահմանադրական դատարանում վերջերս հարուցված դատական ​​​​գործընթացների համատեքստում։ Նման գործողությունները տեղ չունեն ժողովրդավարական հասարակությունում։ Մենք կոչ ենք անում իշխանություններին դադարեցնել այս գործողությունները, որոնք փաստացի բռնապետություն են հաստատում Վրաստանում», — ասված է հայտարարության մեջ։

Զեկուցողները «Վրացական երազանք»-ի ընդունած օրենքների մասին ասել են, որ դրանք, Վենետիկի հանձնաժողովի գնահատմամբ, եվրոպական արժեքների հետ անհամատեղելի. «Այս օրենքները պետք է չեղյալ հայտարարվեն»։

Համազեկուցողները կոչ են արել իշխանություններին լիովին կատարել օտարերկրյա գործակալների մասին և վարչական իրավախախտումների մասին օրենքներին առնչվող Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները։

«Մենք վերահաստատում ենք Վեհաժողովի ընդունած բանաձևում արդեն իսկ Վրաստանի վերաբերյալ նշված գնահատականները։ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին», «Վրաստանի օտարերկրյա գործակալների գրանցման մասին», «Դրամաշնորհների մասին» և «Վարչական իրավախախտումների մասին» գործող օրենքներն անհամատեղելի են եվրոպական չափանիշների և նորմերի հետ, և, ինչպես եզրակացրել է Վենետիկի հանձնաժողովը, դրանք պետք է չեղյալ համարվեն»,- հայտարարել են նրանք։