ԽՍՀՄ-ի մոտեցումը շատ ավելի պրագմատիկ էր, քան ԵՄ-ինը. Կոբախիձե

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Վրաստան-Եվրամիություն երկխոսության չեղարկման մասին ասել է, որ նույնիսկ խորհրդային մոտեցումը շատ ավելի պրագմատիկ և ռացիոնալ էր, քան ԵՄ-ինը։

«Այստեղ նույնպես պարզ դարձավ, որ նրանք խուսափում են քննարկումից, խուսափում են տեսակետներից և փնտրում են պատրվակներ՝ ցանկացած տեսակի քննարկում խափանելու համար։ Ինչպե՞ս կարող եք որևէ պաշտոնյայի պատճառով, կարծեմ սա նշվեց որպես պատճառ, խափանել մարդու իրավունքների շուրջ երկխոսությունը։ Սա խորհրդային մոտեցում է։ Նրանք վարվում են ինչպես միութենական կառավարությունը։ Նախկինում միութենական կառավարությունը կոչվում էր Խորհրդային Միության կառավարություն, իսկ հիմա ԵՄ կառավարությունը մեզ ներկայանում է որպես միութենական կառավարություն։ Սա ճիշտ մոտեցում չէ, սա խորհրդային մոտեցում է։ Նույնիսկ խորհրդային մոտեցումն էր շատ ավելի պրագմատիկ և ռացիոնալ։ Այս դեպքում ցանկացած քննարկումից փախչելը շատ ավելի լուրջ բան է, քան խորհրդային մոտեցումը», — «Իմեդի»-ի եթերում ասել է Իրակլի Կոբախիձեն։

Նա չի մանրամասնել, թե արդյոք պատժամիջոցների ենթարկված ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեն է այն անձը, որի ներկայությունը պատվիրակության կազմում հանգեցրեց նոյեմբերի 21-ին Բրյուսելում ԵՄ-ի նախատեսած երկխոսության մերժմանը։

Նոյեմբերի 18-ին Realpolitik լրատվամիջոցը, հղում անելով աղբյուրին, հայտնել է, որ Եվրամիության և Վրաստանի միջև մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան երկխոսության հանդիպումը, որը պետք է տեղի ունենար Բրյուսելում նոյեմբերի 21-ին, չեղարկվել է։ Լրատվամիջոցի աղբյուրի խոսքով՝ որոշման պատճառներից մեկը «Վրացական երազանք»-ի կառավարության որոշմամբ պատվիրակության կազմում պատժամիջոցների ենթարկված անձանց ընդգրկելու փաստն էր։