Ամիսներ առաջ արագացված կարգով «Վրացական երազանք»-ի ընդունած օրենքի և դրա հիման վրա Արդարադատության բարձրագույն խորհրդի ընդունած որոշման համաձայն՝ դատական կատարածուների ծառայության աշխատակիցները կարող են դատարանի նիստերին ներկա անձանցից առգրավել ցանկացած սարք, որը կարող է օգտագործվել լուսանկարահանման, տեսագրման կամ ձայնագրման համար։
«Դատարանը լիազորություն ունի թույլ չտալու դատարանի դահլիճ տանել լուսանկարչական, կինոնկարչական, տեսագրման, հեռարձակման և ձայնագրման գործառույթներով որևէ տեխնիկական սարք», — նշված է հուլիսի 17-ին ընդունված որոշման մեջ։
Լուսանկարահանման և տեսագրման արգելքից հետո լրագրողները դատական նիստերի ուղիղ հեռարձակումների ժամանակ օգտագործում էին բջջային հեռախոսներ և դրանց միջոցով լուսաբանում դատական ընթացքը։ Այժմ նոր օրենսդրությունը կարող է սահմանափակել նաև այս իրավունքը։
Պարզաբանվել է նաև, թե ինչ է նշանակում «տեխնիկական սարք»՝ բջջային հեռախոս և ցանկացած սարք, որն ունի ձայնագրելու կամ լուսանկարելու տեխնիկական հնարավորություն կամ «ենթադրվում է», որ ունի այդ գործառույթները։
Ընդհանուր դատարանների դեպարտամենտն արդեն ձեռք է բերել հատուկ պահարաններ հարյուրավոր խցիկներով՝ բջջային հեռախոսի չափսի իրեր պահելու համար։ Նմանատիպ պահարաններ՝ ընդհանուր առմամբ 960 խցիկով, արդեն տեղափոխվել են Թբիլիսիի քաղաքային դատարան:
Դատարանների համար կահույք է ձեռք բերվել մրցույթի միջոցով, այդ թվում՝ բջջային հեռախոսներ պահելու համար։
Մրցույթը հայտարարել է ընդհանուր դատարանների դեպարտամենտը։ Պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 17-ին. հաղթող ընկերությունը «Ave» ՍՊԸ-ն է։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 91 հազար 700 լարի։
Մրցութային փաստաթղթերին ծանոթանալու արդյունքում պարզ է դառնում, որ կահույքը ձեռք է բերվել 19 դատարանների համար։ Դրանց թվում են Թբիլիսիի քաղաքային դատարանը, Թբիլիսիի վերաքննիչ դատարանը և այլն։
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին խորհրդարանն ընդունել է մի շարք օրենքներ, որոնք, ըստ հանրության տարբեր շրջանակների, զգալիորեն սահմանափակել են Վրաստանում խոսքի ազատության աստիճանը:
Հունիսի 28-ին ուժի մեջ է մտել դատարանում և բակում լուսանկարահանում, տեսանկարահանում և ձայնագրում արգելող օրենքը:
Դատարանից լրատվամիջոցների համար տեղեկատվության միակ աղբյուրները նոութբուքերն ու բջջային հեռախոսներն են, որոնց միջոցով նրանք «ուղիղ բլոգներ» են վարում: Հասարակության անդամներն ահազանգում են, որ եթե դատարանում արգելվեն էլեկտրոնային սարքերի կիրառումը, քաղաքացիները կստանան ավելի քիչ տեղեկություն։
Իրավաբանները, փաստաբանները և ոլորտի այլ ներկայացուցիչներ դեմ են արտահայտվել որոշմանը` նշելով, որ սա միայն տեխնիկական սահմանափակում չէ, այլ փաստաբանի դերը սահմանափակելու համակարգի կիրառած ևս մեկ փորձ և մասնագիտական գործընթացի արգելք։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում իրավաբան Թորնիկե Միգինեիշվիլին նշեց, որ անթույլատրելի է մարդկանց սահմանափակել նման ձևով՝ լինեն նիստին ներկա գտնվողները, թե քրեական դատավարության մասնակիցները (փաստաբան, պաշտպանող կողմ և այլք):
«Մինչ օրս կան հարցեր. օրինակ, թե ում կվերաբերի օրենքը։ Արդյոք նրանց մեջ կլինեն դատախազները, փաստաբանները, թե այն մարդիկ, ովքեր պարզապես ներկա են նիստին։ Ցանկացած դեպքում դա հիմնարար իրավունքների խախտում է։ Եթե նույնիսկ միայն նիստին ներկա գտնվող շարքային քաղաքացիներից վերցվեն հեռախոսները և նոութբուքերը, այդ դեպքում էլ խախտվում է այն, ինչը նախատեսված է ինչպես դատավարական օրենսդրությամբ, այնպես էլ Կոնվենցիայով և Սահմանադրությամբ, որոնց պաշտպանությունը պետք է լինի առաջնահերթ»,- նշեց իրավաբանը` հիշատակելով նաև լրագրողների իրավունքների օրեցօր վատթարացող վիճակը և նրանց դեմ կիրառվող սահմանափակումները դատական նիստերը լուսաբանելիս։
Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախկին նախագահ, իրավաբան Նիկա Սիմոնիշվիլին ֆեյսբուքում գրել է. «Ես չեմ պատրաստվում մտնել դատավարության առանց հեռախոսի և նոութբուքի, և չեմ էլ մտնի։
Ես ընդհանրապես չեմ հետաքրքրվում այդ անիմաստ կանոններով, հաճախորդի շահն ինձ համար ամենակարևորն է։
Սա է այն, ինչ ես պետք է ասեմ, և կտեսնենք, թե նրանք ինչպես չեն թողնի ինձ ներս մտնել»։
Ըստ իրավաբան Մարիամ Չխեիձեի՝ սա պաշտպանության իրավունքի սահմանափակում է և միջամտություն իրավաբանական պրակտիկային. «Փաստաբանների մեծ մասը դատական գործի նյութերին հասանելիություն ունի հենց էլեկտրոնային եղանակով»։
Ֆեյսբուքյան իր էջում քաղաքացին գրել է.
«Եթե մենք որևէ բան գիտենք քաղբանտարկյալների մասին, եթե որևէ բան գիտենք դատարանում տեղի ունեցող անարդարության մասին, եթե տեսել ենք կեղծ վկաներ, կեղծ ցուցմունքներ, դա միայն լրագրողների և նրանց սմարթֆոնների շնորհիվ է։ Ահա թե ինչու է համակարգը ցանկանում լռեցնել դատարանից եկող ճշմարտության ձայնը»։
Քաղաքացիները կոչ են անում սթափվել և հասկանալ, որ այս սահմանափակումները միայն ակտիվիստներին չի վերաբերում, դա կվերաբերի բոլորին, երբ մարդիկ ունենան օգնության և անարդարության մասին բարձրաձայնելու կարիք։
Մեդիայի պաշտպանության կոալիցիան ևս արձագանքել է այն հաղորդագրություններին, որոնց համաձայն՝ «Վրացական երազանք»-ը կարող է սահմանափակել լրագրողներին դատարանում հեռախոսներից օգտվելու իրավունքը։
Կոալիցիայի հայտարարության մեջ ասված է, որ դատական նիստերի լուսաբանման առումով լրատվամիջոցների գործունեության սահմանափակումը ոչ միայն կոպտորեն խախտում է լրագրողների իրավունքները, այլև զրկում է հանրությանը հնարավորությունից՝ տեղեկանալու, թե ինչպես է արդարադատությունն իրականացվում։
«Դատական համակարգը, որը պետք է լիներ արդարադատության երաշխավորը, «Վրացական երազանք»-ի ազդեցության տակ դարձել է անարդարության խորհրդանիշ, որտեղ օրենքն այլևս չի պաշտպանում, այլ հետապնդում է:
Լրագրողներն ու ակտիվիստները հաճախ դառնում են դատարանների և «Վրացական երազանք»-ի իրականացրած ճնշման, հետապնդումների և բռնության թիրախ: «Նեթգազեթի» և «Բաթումելեբի» լրատվամիջոցների տնօրեն Մզիա Ամաղլոբելին «Վրացական երազանք»-ի կառավարության քաղբանտարկյալ է, և դատարանն այս հետապնդման գործում հանդես է գալիս որպես պատժիչ մարմին:
Ավելին, դատարանը նաև դարձել է լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնության և վիրավորանքների վայր: Լրատվամիջոցների և ակտիվիստների նկատմամբ կիրառված բռնության փաստերը դեռևս մնում են անպատիժ. հետաքննություններ չեն անցկացվում:
Դատական նիստերի լուսաբանման առումով լրատվամիջոցների գործունեության սահմանափակումը ոչ միայն կոպտորեն խախտում է լրագրողների իրավունքները, այլև զրկում է հանրությանը հնարավորությունից՝ տեղեկանալու, թե ինչպես է արդարադատությունն իրականացվում»,- գրել է կոալիցիան։
Կազմակերպությունն իր համերաշխությունն է հայտնել լրագրողներին, որոնք շարունակում են ամեն օր աշխատել դժվարին և թշնամական միջավայրում` ճշմարտությունն ու հանրային շահը պաշտպանելու համար, նաև նշել է, որ լրագրողների նկատմամբ ճնշումներն ու ահաբեկումներն ուղղակի հարձակում են ժողովրդավարության և ճշմարտությունն իմանալու հանրության իրավունքի վրա։