Թբիլիսիի պետական համալսարանը (ԹՊՀ) և Տեխնիկական համալսարանը կմիավորվեն, հայտարարել է կրթության նախարար Գիվի Միքանաձեն:
«Բարձրագույն կրթության համակարգում անհրաժեշտ բարեփոխման մեկնարկը հիմնված է խոր վերլուծության, միջազգային պրակտիկայի և երկրի զարգացման երկարաժամկետ շահերի վրա: Վերջին շրջանում իրականացվել է պետական համալսարանների ակադեմիական ծրագրերի, հետազոտական ուղղությունների և ենթակառուցվածքների համեմատական վերլուծություն: Այս գործընթացի և ռեկտորների հետ նախնական խորհրդակցությունների հիման վրա որոշում ենք կայացրել Թբիլիսիի պետական համալսարանի և Վրաստանի տեխնիկական համալսարանի միավորման մասին:
Սա նախադրյալ կլինի, որ Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը դառնա տարածաշրջանում ակադեմիական և գիտական զարգացման առաջատար կենտրոն և զգալիորեն բարելավի իր միջազգային վարկանիշները»,- ասել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Ըստ Գիվի Միքանաձեի` համալսարանների միավորման նպատակով, նախարարի հրամանով կստեղծվի կառավարման ժամանակավոր մարմին՝ «Խորհուրդ», և կնշանակվեն ռեկտորի ու պրոռեկտորների պաշտոնակատարներ, որոնք կապահովեն վերակազմակերպման գործընթացի իրականացումը:
Նախարարի խոսքով, բարձրագույն կրթության համակարգի բարեփոխման շրջանակներում լրացուցիչ կստեղծվի առաջատար պրոֆեսորի ակադեմիական պաշտոն, և այդ պաշտոնում մրցութային կարգով ընտրված անձինք կապահովեն ուսումնական և հետազոտական գործունեության ռազմավարական ղեկավարումը, որակի բարձրացումն ու երիտասարդ ակադեմիական անձնակազմի զարգացումը:
«Ընդգծելի է, որ ընթացիկ բարեփոխման շրջանակներում ակադեմիական կադրերի կրճատում չի պլանավորվում: Մաքսիմալ կերպով կպահպանենք ակադեմիական անձնակազմը, ջանքեր կգործադրենք, որ նրանց փորձն ու գիտելիքն օգտագործվեն ինչպես ուսումնական բաղադրիչում, այնպես էլ հետազոտական և գիտական գործունեության մեջ: Որոշում ենք կայացրել պահպանել առկա տեղերը և չենք կրճատում ուսանողների ընդունելության քվոտաները:
Մեր նպատակն է, որ կրթության համակարգում թափանցիկ կերպով, հասարակության ներգրավվածությամբ իրականացվեն հիմնարար բարեփոխումներ: Դրա հաստատումն է թիրախային խմբերի հետ ուղղակի հաղորդակցության ճանապարհով բարեփոխմամբ նախատեսված հարցերի քննարկումը, ինչը մենք ապագայում էլ ակտիվորեն կշարունակենք»,- ասել է Գիվի Միքանաձեն: