ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովն այսօր՝ փետրվարի 11-ին, կանցկացնի ճեպազրույց «Այլախոհության աճող ճնշումը «Վրացական երազանք»-ի կողմից» թեմայով։ Հելսինկյան հանձնաժողովն ինքն է հրապարակել այս տեղեկությունը։
«2024 թվականի հոկտեմբերից սկսած Վրաստանի իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանք»-ը, երկիրը մղել է անկախությունից ի վեր մարդու իրավունքների ոլորտում ծանրագույն ճգնաժամի մեջ։ Նրանք ընդունել են ավելի քան 20 նոր օրենք, որոնք ընդլայնում են պետության լիազորությունները՝ այլախոհությունը ճնշելու և դատական համակարգին անկախությունից զրկելու նպատակով։
Ճնշումներն ազդել են քաղաքացիական հասարակության, լրագրողների և քաղաքական ընդդիմության ազատ գործունեության վրա։
Իշխանությունները սառեցրել են ցուցարարներին իրավաբանական օգնություն ցուցաբերող կազմակերպությունների բանկային հաշիվները, բանտարկել լրագրողներին, դատարաններ են կանչել ընդդիմադիր գործիչներին և դատապարտել նրանց ազատազրկման՝ իշխանություններին չենթարկվելու համար։ Խաղաղ բողոքի ցույցերն ուղեկցվում են խոշոր տուգանքներով և երկարատև բանտարկությամբ։
Ճեպազրույցում կքննարկվի մարդու իրավունքների վատթարացող իրավիճակը, «Վրացական երազանք»-ի այլախոհությունը պատժելու և բարոյալքելու մարտավարությունը, նաև Վրաստանի հետագա ուղին», — ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Հելսինկյան հանձնաժողովի ճեպազրույցը Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նախատեսված էր հունվարի 28-ին, սակայն հետաձգվել էր եղանակային պայմանների պատճառով։