Հայնրիխ Հայնեի անվան համալսարանն աջակցություն է հայտնել Իլիաունիին

Դյուսելդորֆի Հայնրիխ Հայնեի անվան համալսարանն աջակցություն է հայտնել Իլիայի պետական համալսարանին (Իլիաունի)՝ «Վրացական երազանք»-ի պլանավորած բարեփոխումների ֆոնին, որոնց պատճառով համալսարանի ծրագրերն արմատապես կրճատվել են։

Հատկանշական է, որ հենց այս համալսարանի իրավաբանական մագիստրոս և իրավագիտության դոկտոր է «Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

LinkedIn-ում հրապարակված հայտարարության մեջ համալսարանը գրել է, որ մտահոգությամբ հետևում է վերջին շրջանում Իլիաունիի շուրջ զարգացող իրադարձություններին.

«Իլիայի պետական համալսարանը եվրոպական ակադեմիական հանրության կարևոր գործընկերն է։ Այս հաստատությունը հավատարիմ է բարձր մակարդակի հետազոտությունների, միջազգային համագործակցության և ակադեմիական ինքնակառավարման սկզբունքներին ու արժեքներին, որոնց վրա հիմնված է մեր համագործակցությունը»։