Կենսաթոշակային հիմնադրամում` 1 մլն 533 հազար 311 քաղաքացի

Վրաստանի կենսաթոշակային հիմնադրամը հրապարակել է զեկույց՝ 2026 թվականի փետրվարի դրությամբ հիմնադրամի չափի վերաբերյալ։ Փաստաթղթի համաձայն՝ համակարգի մասնակիցների թիվը կազմում է 1 մլն 533 հազար 311, իսկ հիմնադրամի ընդհանուր չափը 8,7 միլիարդ լարի է։ Հետևաբար, կենսաթոշակային համակարգի մեկ մասնակցի խնայած միջին գումարը կազմում է 5682 լարի։

Կենսաթոշակային հիմնադրամի տեղեկատվությամբ՝ 8,7 միլիարդ լարիի պորտֆելից 2,4 միլիարդ լարին կազմում է կենսաթոշակային գործակալության ներդրումային գործունեությունից ստացված եկամուտը։ Հիմնադրամի ակտիվների չափը անցյալ ամսվա ընթացքում աճել է 200 միլիոն լարիով։

Կուտակային կենսաթոշակային համակարգով խնայված գումարները քաղաքացիները կստանան կենսաթոշակային տարիքի հասնելով՝ բազային պետական կենսաթոշակի հետ միասին. սա համարվում է կենսաթոշակի երկրորդ մակարդակը։ Տղամարդկանց համար կենսաթոշակային տարիքը 65-ն է, իսկ կանանց համար՝ 60-ը։ Հետևաբար, կուտակային համակարգում տղամարդիկ, մինչև կենսաթոշակ ստանալը, պետք է կանանցից 5 տարի ավելի երկար խնայողություններ կատարեն։

Առկա դրությամբ բնակչության կենսաթոշակային խնայողությունների 98,8%-ը, կամ 8,6 միլիարդ լարին, տեղաբաշխված է կոնսերվատիվ, այսպես կոչված՝ «ցածր ռիսկային» ներդրումային պորտֆելում։ Այդ պորտֆելի 80,2%-ը ներդրված է վրացական լարիով արտահայտված ներդրումային ակտիվներում, իսկ 19,8%-ը կամ 1,66 միլիարդ լարին անվանականացված է արտարժույթով։ Այս գումարից 1,6 միլիարդ լարին տեղաբաշխված է միջազգային ֆոնդային բորսաներում։ Ինչ վերաբերում է լարիով ակտիվներին, ապա դրանք հիմնականում տեղաբաշխված են վրացական բանկերի թողարկած ավանդային սերտիֆիկատներում։

Քաղաքացիները կարող են փոխել իրենց կենսաթոշակային խնայողությունների ներդրումային պորտֆելը՝ դիմելով Արդարադատության տուն կամ Կենսաթոշակային գործակալություն, սակայն այս հնարավորությունից օգտվել է ընդամենը 10 հազար մարդ։

Քաղաքացիների խնայողությունները բաշխված են հետևյալ կերպ.

• Կոնսերվատիվ (ցածր ռիսկային) պորտֆել — 1 մլն 523 հազխր 186 քաղաքացի, մեկ անձի հաշվով միջինը՝ 5,649 լարի։

• Հավասարակշռված (միջին ռիսկային) պորտֆել — 5161 քաղաքացի, մեկ անձի հաշվով միջինը՝ 9688 լարի։

• Դինամիկ (բարձր ռիսկային) պորտֆել — 4964 քաղաքացի, մեկ անձի հաշվով միջինը՝ 11 հազար 483 լարի։

Վրաստանում գործող կուտակային կենսաթոշակային օրենսդրության համաձայն՝ բոլոր գործատուները պարտավոր են իրենց աշխատակիցներին ներգրավել կուտակային համակարգում։ Գործատուն պարտավոր է կատարել աշխատակցի աշխատավարձի 2%-ի չափով վճարում, ևս 2% վճարում է աշխատակիցը, իսկ 2%-ը պետությունը փոխանցում է եկամտահարկից։ Հետևաբար, ընդհանուր առմամբ ամսական աշխատավարձի 6%-ի չափով գումար պետք է փոխանցվի կենսաթոշակային հիմնադրամ, որին իր հերթին հիմնադրամը հավելագրում է ներդրումային եկամուտ։