Անտառային ազգային գործակալության տեղեկությամբ՝ կառույցին է վերադարձվում անտառների ֆիզիկական պաշտպանության գործառույթը։ Նախատեսվում է ավելացնել անտառապահի 401 հաստիք, ինչի շնորհիվ մեկ պահապանին հասնող պաշտպանվող տարածքը 10-15 հազար հեկտարից կնվազի մինչև միջինը 2000 հեկտար։
Գործակալությունը հայտնել է, որ այս որոշման մասին Անտառային ազգային գործակալության ղեկավար Բեսիկ Ամիրանաշվիլին հայտարարել է Շիդա Քարթլիի պետական լիազոր Սիմոն Գուլեդանիի և տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որտեղ ներկայացրել է անտառային ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղությունները։
Աշխատանքային հանդիպմանը նախարարության անտառային քաղաքականության դեպարտամենտի պետ Կարլո Ամիրգուլաշվիլին խոսել է բարեփոխման շրջանակներում նախատեսված միջոցառումների մասին։ Նշվել է, որ գործակալությունը կրկին կիրականացնի անտառների ֆիզիկական պաշտպանությունը։
«Անտառային բարեփոխումների շրջանակում բարձրացվել է Անտառային ազգային գործակալության աշխատակիցների աշխատավարձը, նախատեսվում է ավելացնել անտառապահների և անտառագետների թիվը։ Կարևոր է, որ տարեցտարի աճում են դեգրադացված անտառների վերականգնման ծավալները, անընդհատ իրականացվում են անտառների գույքագրման աշխատանքներ։ Սա ապահովում է երկրի անտառների քանակական և որակական ցուցանիշների բարելավումը, մասնագիտության հանրայնացումը, անտառային կրթության խթանումն ու գյուղական վայրերում լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումը», — նշել է Բեսիկ Ամիրանաշվիլին։
Գործակալության ղեկավարը նաև ներկայացրել է Շիդա Քարթլիի անտառային ծառայության նոր պետին՝ Միխեիլ Բարնովին, որը հանրային ծառայության ոլորտում աշխատանքի բազմամյա փորձ ունի։