Վրաստանի կառավարությունը 2026 թվականի մարտի 12-ին ընդունել է որոշում, որը սահմանում է ընտանի կենդանիների նույնականացման-գրանցման միասնական կարգն ու ժամկետները։ Ըստ որոշման՝ երկրում կստեղծվի տվյալների միասնական էլեկտրոնային բազա, որտեղ կարտացոլվի տեղեկատվություն շների և կատուների մասին, ներառյալ՝ սեփականատերերի, խնամողների և կենդանիների տեղաշարժի վերաբերյալ։ Բազան կկառավարի Սննդամթերքի ազգային գործակալությունը։
Նոր կանոններով՝ կենդանիների սեփականատերերը պարտավոր են ապահովել նրանց նույնականացումը և գրանցումը։ Նույնականացումը կիրականացվի միկրոչիպի կամ ականջի նշանի միջոցով։ Գրանցումը պարտադիր է ինչպես սեփականատեր ունեցող, այնպես էլ խնամքի տակ գտնվող (փողոցային) կենդանիների համար։
Կառավարության որոշմամբ՝ սեփականատերերը պետք է գրանցեն կենդանիներին մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։ Ընդ որում, նոր ծնված կենդանու դեպքում գրանցումը պետք է իրականացվի ծնվելուց հետո 30-60 օրվա ընթացքում կամ կենդանուն ձեռք բերելուց ոչ ուշ, քան 15 օրվա ժամկետում։
Որոշումը նաև պարտավորեցնում է անասնաբուժական հաստատություններին, կացարաններին և կենդանիների հետ կապված այլ օբյեկտներին ստուգել կենդանու գրանցման կարգավիճակը և անհրաժեշտության դեպքում ապահովել նրա նույնականացումը։
Տվյալների միասնական բազայի նպատակն է կենդանիների քանակի հաշվառումը, սեփականատերերի նույնականացումը, նաև կենդանիներին լքելու կանխարգելումը և անհսկելի կենդանիների վերահսկողությունը։