Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ վիզային ռեժիմի խստացումը կապում է քաղաքացիների վիզային խախտումների բարձր ցուցանիշի հետ։ Նախարարության հայտարարության մեջ նշված է. «ԱՄՆ-ի որոշումը, ցավոք, կապված է Վրաստանի քաղաքացիների կատարած ԱՄՆ վիզային քաղաքականության խախտումների բարձր մակարդակի հետ»։
Նախարարությունը կոչ է արել Վրաստանի քաղաքացիներին` պահպանել ԱՄՆ վիզային կանոնակարգերը։
«Վրաստանի քաղաքացիների համար ոչ ներգաղթային վիզաների տրամադրման հետ կապված երաշխիքային գումար սահմանելու մասին ԱՄՆ-ի որոշումը, ցավոք, պայմանավորված է Վրաստանի քաղաքացիների կատարած ԱՄՆ վիզային քաղաքականության խախտումների բարձր ցուցանիշով, ինչի վերաբերյալ պարզաբանում է տվել ամերիկյան կողմը։
Հայտնի է նախագահ Թրամփի վարչակազմի ներգաղթային խիստ քաղաքականությունը, ինչն արտացոլվում է կոնկրետ քայլերում։ Այս որոշումը նույնպես խստացված ներգաղթային քաղաքականության մաս է։ Հետևաբար, կոչ ենք անում Վրաստանի քաղաքացիներին խստորեն պահպանել ԱՄՆ վիզային կանոնակարգերը և չխախտել գործող վիզային ռեժիմը, ինչը Վրաստանին հնարավորություն կտա շարունակելու աշխատանքն ամերիկյան կողմի հետ այս հարցի շուրջ», — ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, 2026 թվականի ապրիլի 2-ից Վրաստանի քաղաքացիները, ովքեր կցանկանան ստանալ ԱՄՆ վիզա և մեկնել Միացյալ Նահանգներ, պարտավոր կլինեն վճարել 5000, 10 հազար կամ 15 հազար ԱՄՆ դոլարի չափով պարտադիր դրամական երաշխիք (bond)։ Այս գումարը նրանց կվերադարձվի վիզային կանոնները չխախտելու դեպքում։