Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվում է փոփոխություն կատարել, ըստ որի` Թբիլիսիից բացի, Վրաստանի այլ մունիցիպալիտետներում ևս 1000-ից մինչև 30 հազար լարի տուգանքներ կսահմանվի օգտագործված անվադողերի, սև և գունավոր մետաղների ջարդոնի, շահագործումից դուրս եկած տրանսպորտային միջոցների և դրանց մասերի, դյուրավառ, պայթուցիկ կամ փոշիացող իրերի/նյութերի տեղադրման և իրացման կանոնների խախտման համար:
Համապատասխանաբար, պատժամիջոցները, որոնք 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Թբիլիսիում, կկիրառվեն նաև այլ մունիցիպալիտետներում:
Օրինագծի պարզաբանման համաձայն, որն արդեն ներկայացվել է խորհրդարան, փոփոխությունները կապված են մթնոլորտային օդի, հողի և ջրի աղտոտման կանխարգելման հետ:
«Այսօր պետության համար կարևոր խնդիր է օդի, հողի և ջրի աղտոտումը: Աղտոտման աղբյուրներից մեկն օգտագործված անվադողերի, սև և գունավոր մետաղների ջարդոնի, շահագործումից դուրս եկած տրանսպորտային միջոցների և դրանց մասերի, դյուրավառ, պայթուցիկ և փոշիացող նյութերի սխալ տեղադրումն ու/կամ իրացումն է»,- նշված է փաստաթղթում:
Օրինագծով համապատասխան մունիցիպալիտետները կմշակեն նմանատիպ կանոններ, որոնց խախտման համար սահմանված են համապատասխան վարչական պատժամիջոցներ: Մասնավորապես.
Օգտագործված անվադողերի, սև և գունավոր մետաղների ջարդոնի, շահագործումից դուրս եկած տրանսպորտային միջոցների և դրանց մասերի, դյուրավառ, պայթուցիկ և/կամ փոշիացող նյութերի տեղադրումը կամ իրացումն այն վայրերում, որոնք նախատեսված չեն մունիցիպալիտետի սակրեբուլոյի (ավագանու) որոշմամբ, կհանգեցնի ֆիզիկական անձի տուգանման 2500 լարիի չափով, իսկ իրավաբանական անձի տուգանման՝ 5000 լարիի չափով:
Խախտումը կրկնելու դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի 5000 լարիի չափով, իսկ իրավաբանական անձը՝ 15 հազար լարիի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է «Մշակութային ժառանգության մասին» Վրաստանի օրենքով սահմանված մշակութային ժառանգության պաշտպանական գոտում, կհանգեցնի ֆիզիկական անձի տուգանման 5000 լարիի չափով, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ 10 հազար լարիի չափով, կրկնվելու դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի 10 հազար լարիի չափով, իսկ իրավաբանական անձը՝ 30 հազար լարիի չափով:
Օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հոկտեմբերի 1-ից:
Օրինագծի հեղինակները/նախաձեռնողներն են՝ Մաիա Բիթաձեն, Իրակլի Քադագիշվիլին, Իրակլի Շատակիշվիլին, Անտոն Օբոլաշվիլին, Շոթա Խաբարելին, Անզոր Բոլքվաձեն, Ալեքսանդրե Դալաքիշվիլին, Դավիթ Դոլիձեն, Իրմա Զավրադաշվիլին, Ռամինա Բերաձեն, Սալոմե Ջինջոլավան, Դիմիտրի Սամխարաձեն, Իրակլի Զարքուան, Վարլամ Լիպարտելիանին: