Վրաստանի խորհրդարանը երրորդ՝ վերջնական ընթերցմամբ աջակցել է «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակի մասին» օրենքում փոփոխություններին։ Օրենսդրական փոփոխությունը նախատեսում է երկրում լիովին նոր՝ C5 կատեգորիայի սովորական վիզայի ներդրում, որը հատուկ ստեղծված է հեռավար աշխատող, բարձր եկամուտ ունեցող անձանց համար։
C5 կատեգորիայի վիզան բազմակի օգտագործման կարճաժամկետ վիզա է, որը տրվում է 5 տարի ժամկետով, իսկ Վրաստանում գտնվելու իրավունք է տալիս 1 տարի ժամկետով։
Համաձայն օրենքի՝ նշված վիզան տրվում է հետևյալ անձանց.
• Անվտանգ երկրների քաղաքացիներին,
• Զբոսաշրջային նպատակով Վրաստան մուտք գործողներին,
• Հեռավար կարգով գործունեություն իրականացնողներին՝ բացառապես ոչ ռեզիդենտ անձի (օտարերկրյա ընկերության) օգտին:
Նոր կարգավորումը տարածվում է ոչ միայն անմիջապես աշխատող անձի, այլև նրա ամուսնու և անչափահաս երեխաների վրա։
Օրինագծի հաստատման հետ մեկտեղ, փոփոխություններ են կատարվել «Հյուպատոսական գանձումների մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում։ C5 կատեգորիայի վիզայի գանձումը և տուրքը միասին սահմանվել են 20-ից ոչ պակաս և 500 ԱՄՆ դոլարից ոչ ավելի չափով։
Հիշեցնենք, որ նմանատիպ վիզաները փորձարկված են աշխարհի բազմաթիվ երկրներում և նպատակ ունեն խթանելու երկրի տնտեսությունը՝ բարձր որակավորում ունեցող կադրեր ներգրավելու միջոցով։