ԿԳՆ-ն փոխում է ուսուցիչների վարձատրության և որակավորման կարգը

Կրթության նախարարությունը 2026 թվականի սեպտեմբերից ուսուցիչների համար նոր կանոններ կգործարկի, որոնց համաձայն՝ մանկավարժները ստիպված կլինեն հաստատելու իրենց իրազեկությունը (կոմպետենցիան) մի քանի առարկաներից:

Կրթության նախարարության որոշմամբ՝ ուսուցիչները պարտավոր են հաստատել իրենց իրազեկությունը  ոչ միայն սեփական մասնագիտական առարկայից, այլև տվյալ առարկայական խմբի մեջ մտնող այլ դիսցիպլիններից (առարկայական ճյուղ)։ Հակառակ դեպքում նրանք այլևս հավելավճար չեն ստանա, ինչն ուղղակիորեն կնվազեցնի նրանց վարձատրության չափը։

Նախարարության պարզաբանմամբ՝ մանկավարժները հնարավորություն կունենան, հիմնական առարկայի քննությունից բացի, գրանցվելու լրացուցիչ առավելագույնը երեք առարկայի քննության համար և միաժամանակ հաստատելու իրենց պատրաստվածությունը։ Հենց իրենք՝ ուսուցիչները, պնդում են, որ նշված պահանջն իրենց համար լուրջ մարտահրավեր է։

Բարեփոխումը քննադատության է արժանացել հատկապես շրջաններում, որտեղ ուսուցիչները փոփոխությունները խնդրահարույց են համարում: Նրանց խոսքով՝ այս փոփոխության նպատակը ոչ թե որակն է, այլ գումարի տնտեսումը: