Վրաստանի հայ համայնքին թույլ չեն տվել ակցիա անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ։
Հայ համայնքի ներկայացուցիչները ցանկանում էին ապրիլի 24-ին Թբիլիսիում՝ Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում, խաղաղ ցույց անցկացնել ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Համայնքի վարչության անդամ Ժանետա Բաղդասարյանն ակցիա անցկացնելու ցանկության մասին սահմանված ժամկետում գրավոր դիմել է քաղաքապետարանին և Ներքին գործերի նախարարությանը, սակայն նրանցից մերժում է ստացել պահանջված տարածքում ակցիան անցկացնելու վերաբերյալ:
Ըստ համայնքի վարչության անդամ և «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության քարտուղար Ժանետա Բաղդասարյանի՝ իրենք մտադիր չեմ ակցիան անցկացնել այլ վայրում: Նրանց համար սկզբունքային էր ցույցի անցկացումը Թուրքիայի դեսպանատան մոտ, ինչպես դա անում էին վերջին քսան տարվա ընթացքում:
«Հայ համայնքը հրաժարվում է այլ վայրում ակցիայի անցկացումից. մենք չենք դիտարկում ակցիայի անցկացումը որևէ այլ հասցեում, բացի Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքից: Հետևաբար, մենք ոչինչ չենք պլանավորել», — ասել է Ժանետա Բաղդասարյանը:
«Այս պրակտիկան չի համապատասխանում իրավական պետության չափանիշներին և խաթարում է վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ: Տարիներ շարունակ Վրաստանը ներկայացել է որպես ժողովրդավարական պետություն՝ հիմնված օրենքի գերակայության, մարդու իրավունքների հարգման և արտահայտվելու ազատության սկզբունքների վրա: Մենք համոզված ենք, որ հասարակության բոլոր խմբերը, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունները, պետք է կարողանան ազատ և խաղաղ կերպով արտահայտելու իրենց քաղաքացիական հայացքները», — հայտնել են հայ համայնքից:
Ապրիլի 6-ին ՆԳՆ-ն բավարարել էր Վրաստանի հայ համայնքի դիմումը և թույլատրել ջահերով երթը «Իսանի» մետրոյի կայարանի հարակից տարածքից մինչև Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակ: