Աբասթումանի աստղադիտարանում օտարերկրյա քաղաքացիների համար տուրերի արժեքը կրկնապատկվել է, իսկ ուսանողների համար գործող արտոնյալ սակագինը չեղարկվել է։
BM.GE լրատվամիջոցին զբոսավար Անա Տաբատաձեն հայտնել է, որ օտարերկրացիների դեպքում ծառայությունների թանկացումը որոշ ժամանակ արդեն քննարկվում էր, քանի որ նրանց համար առանձին հատուկ խմբեր էին ձևավորվում, և սպասարկումն իրականացնում էին աստղադիտարանի զբոսավարները։ Նրա խոսքով՝ փոփոխությունները կապված են նաև օտարերկրյա զբոսավարների գործունեության նոր կանոնակարգերի հետ։
Փոփոխությունների համաձայն՝ օտարերկրյա այցելուների համար ցերեկային տուրի գինը մեկ անձի համար 10 լարիի փոխարեն դարձել է 20 լարի, իսկ գիշերային տուրի գինը 20 լարիից բարձրացել է մինչև 40 լարի։ Ուսանողները ծառայության համար կվճարեն նույնքան, որքան Վրաստանի չափահաս քաղաքացիները. ցերեկային տուրի դեպքում՝ 10 լարի, իսկ գիշերայինի համար՝ 20 լարի։ Վրաստանի քաղաքացիների համար տուրի գինը չի փոխվել։
«Մենք այլևս չունենք օտարերկրյա քաղաքացի զբոսավարներ, և նոր կանոնակարգի շրջանակներում, ըստ որի՝ համապատասխան փաստաթղթեր չունեցող օտարերկրյա զբոսավարներն այլևս իրավունք չեն ունենա ինքնուրույն վարելու խումբը, օտարերկրյա ուղեկցորդները կատարելու են միայն թարգմանչի գործառույթ, իսկ տուրը կվարի մեր երկլեզու զբոսավարը»,- ասել է Անա Տաբատաձեն։
Մայիսի 1-ից «Աշխատանքային միգրացիայի մասին» Վրաստանի օրենքում ուժի մեջ են մտել զգալի փոփոխություններ, որոնց համաձայն՝ մշտական կացության թույլտվություն չունեցող օտարերկրացիներին արգելվել է աշխատել որպես զբոսավար, առաքիչ և տաքսու վարորդ։ Այս ոլորտների համար պետությունը սահմանել է զրոյական քվոտա, ինչը գործնականում նշանակում է դրանց փակում օտարերկրացիների համար։ Օրենքի խախտումը նախատեսում է ֆինանսական պատժամիջոցներ ինչպես ընկերությունների, այնպես էլ հենց օտարերկրյա աշխատողների համար։