Դպրոցներում նոր դասագրքերը կներդրվեն փուլ առ փուլ

Վրաստանի կառավարության նախաձեռնած օրինագծի համաձայն՝ Կրթության նախարարության մշակած նոր դպրոցական դասագրքերի ստեղծումն ու ներդրումն ուսումնական գործընթացում կիրականացվի փուլ առ փուլ՝ մինչև 2028-2029 ուսումնական տարվա մեկնարկը։

Ըստ օրինագծի պարզաբանման՝ փոփոխության նպատակն է հստակեցնել, որ մինչև բոլոր դասարանների բոլոր դասագրքերի վերջնական փոխարինումը դպրոցները հնարավորություն կունենան զուգահեռաբար օգտագործելու նաև մինչև բարեփոխումների մեկնարկը գործող երաշխավորված կամ ազգային ուսումնական պլանին համապատասխանող հին գրքերը, որոնք համաձայնեցված կլինեն նախարարության հետ։

Փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է ընթացիկ տարվա փետրվարի 5-ին ընդունված այն օրենսդրական նորմի պատճառով, որի համաձայն՝ 2028 թվականի սեպտեմբերի 1-ից դպրոցների համար պարտադիր պահանջ էր սահմանվել ուսումնական գործունեությունն իրականացնել բացառապես նախարարության ստեղծած կամ նրա հետ համաձայնեցրած դասագրքերով։

Քանի որ նոր դասագրքերի հիմնարար վերանայումն ու ստեղծումը ժամանակատար գործընթաց է, կառավարությունը նպատակահարմար է համարել, որ փոխարինումը տեղի ունենա ոչ թե միանգամից, այլ փուլային տարբերակով՝ մինչև 2028-2029 ուսումնական տարվա սկիզբը։ Նախարարության հետ հին դասագրքերի համաձայնեցման կարգն ու ժամկետները կրթության նախարարը կսահմանի անհատական ակտով։

«Դասագրքերի հիմնարար վերանայումը ենթադրում է դրանց մշակումն այնպիսի սկզբունքով, որ դասագիրքն ապահովի գիտելիքների խորացում, համակարգային մտածողություն և ազգային ու քաղաքացիական արժեքների գիտակցում։ Դասագիրքը նաև կլինի մշտապես թարմացվող և ճկուն»,- նշված է բացատրագրում։

Հեղինակների հայտարարությամբ՝ նոր կրթական ռեսուրսներով ուսուցումը դրական ազդեցություն կունենա երեխայի իրավական վիճակի վրա և կնպաստի որակյալ կրթություն ստանալուն։

Փաստաթղթի համաձայն՝ 2026-2027 և 2027-2028 ուսումնական տարիներին նոր գրքերի փուլային ներդրումը պետական բյուջեից հավելյալ միջոցների հատկացում չի առաջացնի, քանի որ դասագրքերի ստեղծման համար անհրաժեշտ ֆինանսները նախարարությունն արդեն իսկ նախատեսել էր 2026 թվականի բյուջեում և միջնաժամկետ փաստաթղթերում։

Օրենսդիր մարմնում նախագծի քննարկումը նախատեսվում է արագացված կարգով։ Նախաձեռնողների պարզաբանմամբ՝ կարևոր է, որ օրենքն ընդունվի մինչև 2026-2027 ուսումնական տարվա մեկնարկը, որպեսզի նախարարությունն ու դպրոցները կարողանան ժամանակին ապահովել համապատասխան նախապատրաստական աշխատանքների իրականացումը։ Օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից։