Քանի ՌԴ քաղաքացի է բնակվում Վրաստանում

Վրաստանում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիներից 37 հազար 715-ը Ռուսաստանի քաղաքացիներ են. սա Վրաստանում 2024 թվականին անցկացված բնակչության համընդհանուր մարդահամարի արդյունքն է։

Բնակչության համընդհանուր մարդահամարի համաձայն՝ 2014 թվականին Վրաստանում կար Ռուսաստանի 7620 քաղաքացի։ 10 տարվա ընթացքում այս ցուցանիշն աճել է մինչև 37 հազար 715։ Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք Վրաստանում են բնակվել 1 տարուց ավելի ժամկետով։

Այնուամենայնիվ, նույն վիճակագրական ծառայության հրապարակած տարեկան տվյալների համաձայն՝ 2014-2024 թվականներին Վրաստանում 6 ամսից ավելի ժամկետով մնացել է Ռուսաստանի մոտ 97 հազար քաղաքացի։

«Այն, ինչ մեզ ասում է վիճակագրությունը, քաղաքացիները հավանաբար շատ ավելի շոշափելի են զգում. օրինակ՝ ինչքան է ավելացել Ռուսաստանի քաղաքացիների թիվը Վրաստանում։ Թեկուզ Աջարիայի, վիճակագրությունը մեզ ասում է, որ 2014-ից 2024 թվականների ընթացքում Ռուսաստանի քաղաքացիների թիվն աճել է մոտավորապես 3-ից մինչև 10 հազարի։ Եթե սա հարցնենք Բաթումիում ապրող որևէ մեկի, ապա այս թիվը շատ ավելի անհավատալի կլինի, քանի որ ակնհայտ է, որ խոսքը շատ ավելի մեծ թվերի մասին է»,- «Բաթումելեբի»-ի հետ զրույցում ասել է հետազոտող Գոգա Թուշուրաշվիլին։

Հարցին՝ թե որքանո՞վ են վստահելի համընդհանուր մարդահամարի տվյալները, որոնց համաձայն՝ Վրաստանում պաշտոնապես բնակվում է Ռուսաստանի միայն 37 հազար 715 քաղաքացի, Գոգա Թուշուրաշվիլին ուշադրություն է հրավիրել տարեկան վիճակագրության վրա, որը վիճակագրական ծառայությունը հրապարակել է միգրացիոն տվյալների հիման վրա։ Վերլուծաբանն ասել է, թե ստացվում է, որ տարեկան վիճակագրության համաձայն՝ 2014-2024 թվականներին Վրաստանում բնակվել է Ռուսաստանի ավելի քան 97 հազար քաղաքացի։ Իսկ համընդհանուր մարդահամարի տվյալներով՝ այդ թիվը մոտ 37 հազար է։

«Եթե հետևենք տարեկան միգրացիոն ցուցանիշին, ապա այս 10 տարում մոտավորապես մինչև 100 հազար, իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստանի ավելի քան 97 հազար քաղաքացի է մուտք գործել և մնացել Վրաստանում բնակվելու, իսկ համընդհանուր մարդահամարի արդյունքը մեզ ասում է, որ նույն տվյալն աճել է ընդամենը 30 հազարով, այսինքն՝ 7000-ից հասել է 37 հազարի։

Այսքան մեծ տարբերությունը (շեղումը) մի քիչ անհավանական է։ Հնարավոր է՝ սա կապված լինի տարբեր մեթոդաբանությունների հետ. բացի դրանից, մեկը դաշտային աշխատանքների վրա հիմնված մարդահամարն է, մյուսը ներկայացնում է սահմանահատումների տվյալները, սակայն այս տվյալները չպետք է այսպիսի արմատապես տարբերվող միտումներ ցույց տան»,- ասել է հետազոտողը։