Պլաստիկե շշերի արգելքը Վրաստանում հետաձգվեց 5 տարով

Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ հանրային սննդի օբյեկտներում պլաստիկե շշերով ըմպելիքների մատուցման արգելքի կիրարկումը հետաձգվել է մինչև 2031 թվականի փետրվարի 1-ը։ Արգելքն ուժի մեջ պետք է մտներ այսօրվանից՝ հուլիսի 1-ից։

«Հետաձգման որոշումն ընդունվել է մասնավոր հատվածի, բիզնես ասոցիացիաների և այլ շահագրգիռ կողմերի հետ լրացուցիչ խորհրդակցությունների հիման վրա»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, նույնպես մինչև 2031 թվականի փետրվարի 1-ը, հետաձգվել էր պլաստիկե շշերով ըմպելիքների արտադրության, ներմուծման և շուկայում տեղադրման (իրացման) կանոնակարգի կիրարկումը։

2026 թվականի մարտի 12-ին կառավարությունն ընդունել էր որոշում, որով 2026 թվականի հուլիսի 1-ից սննդի օբյեկտներին արգելվում էր սպառողներին պլաստիկե շշերով ըմպելիք վաճառել, իսկ 2027 թվականի փետրվարի 1-ից արգելվում էր նաև պլաստիկե շշերով ըմպելիքների արտադրությունը։