Վրաստանի Դատախազությունն ու Ներքին գործերի նախարարությունը կազմակերպված հանցավորության և «գողական աշխարհի» դեմ պայքարի տեսանկյունից գործնականում եռապատկված ցուցանիշներ ունեն, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ, իրավապահ մարմինների համակարգման հարցերով պետական նախարար Մամուկա Մդինարաձեն:
Նրա խոսքով՝ գերատեսչություններն ունեն աճող դրական արդյունքներ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ փողերի լվացման դեմ պայքարի և վնասի փոխհատուցման տեսանկյունից: Մդինարաձեն հատկապես առանձնացրել է կիբերհանցագործության դեմ պայքարի, խարդախությունների բացահայտման աճող դինամիկան և անչափահասների գործերի վարչության արդյունավետ աշխատանքը:
«Ինչ վերաբերում է հենց դատախազությանը, ապա այս դեպքում երկիրն ունի նաև տպավորիչ արդյունքներ: Օրինակ՝ միայն փողերի լվացման փաստերով առգրավված և կալանքի տակ դրված ակտիվների արժեքը գերազանցում է 200 միլիոն լարին, իսկ բռնագրավման ենթակա ակտիվները՝ ավելի քան 75 միլիոն լարի են: Այս հանցագործություններով պետությանը և 170 տուժողներին պատճառված վնասն արդեն փոխհատուցված է:
Աճող դրական արդյունքներ կան բոլոր ուղղություններով: Դատախազությունն ու Ներքին գործերի նախարարությունը կազմակերպված հանցավորության և գողական աշխարհի դեմ պայքարի տեսանկյունից գործնականում եռապատկված ցուցանիշներ ունեն:
Դատախազության ձեռքբերումների մասին խոսելիս հատկապես նշանավոր են կիբերհանցագործության դեմ պայքարի, խարդախության բացահայտման աճող ցուցանիշը և անչափահասների գործերի վարչության արդյունավետ աշխատանքը»,- ասել է Մամուկա Մդինարաձեն: