Վրաստանի ու Ադրբեջանի միջև բեռնափոխադրումների ընթացակարգը կպարզեցվի

Վրաստանի և Ադրբեջանի միջև միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների ոլորտում ներդրվել է թվային թույլտվությունների տրամադրման և փոխանակման ընթացակարգ. այս տեղեկությունը տարածել է Ցամաքային տրանսպորտի գործակալությունը։

Գործակալության պարզաբանմամբ՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող վրացի փոխադրողները, Թուրքիայի նմանությամբ, թույլտվության փաստաթղթերի էլեկտրոնային ձևաչափից կօգտվեն նաև Ադրբեջանում։

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Ցամաքային տրանսպորտի գործակալության տնօրեն Բակուր Միքաձեի հայտարարությամբ՝ թվային համակարգը էապես պարզեցնում է բեռնափոխադրումների հետ կապված վարչարարական ընթացակարգերը, ապահովում է տվյալների արագ ու անվտանգ փոխանակումը, նվազեցնում է տեխնիկական խոչընդոտները, նաև թղթային փաստաթղթաշրջանառության անհրաժեշտությունը և ստեղծում է միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների կառավարման ժամանակակից, թափանցիկ ու արդյունավետ հնարավորություններ։

«Գործակալության տնօրենի խոսքով՝ էլեկտրոնային ձևաչափով թույլտվությունների տրամադրման և վերահսկման գործընթացն առավել արագ է և բարձրացնում է միջազգային տրանսպորտային գործառնությունների արդյունավետությունը։ Թվային թույլտվությունների համակարգը հիմնված է երկկողմ համագործակցության վրա և նախատեսում է Վրաստանի ու գործընկեր երկրի փաստաթղթերի փոխանակման ու վարչարարության նպատակով միասնական էլեկտրոնային համակարգի կիրառում։ Վրաց-ադրբեջանական արդյունավետ բանակցությունների արդյունքում 2026 թվականի ընթացքում յուրաքանչյուր տեսակի թույլտվության փաստաթղթի գծով արդեն փոխանակվել է 1000 միավոր էլեկտրոնային ձևաթուղթ, իսկ 2027 թվականից նախատեսվում է ամբողջությամբ անցնել թվային ձևաչափին։ Նշված նորություններն ու հնարավորությունները նպաստելու են միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների ոլորտի զարգացմանը, պարզեցնելու են տրանսպորտային գործառնությունները և էլ ավելի են ամրապնդելու Վրաստանի դերը որպես տարածաշրջանային տարանցիկ հաբ»,- հայտնել են Ցամաքային տրանսպորտի գործակալությունից։