Վրաստանի վարչապետը հանդիպել է Իսրայելի գործընկերոջը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցն Իսրայել սկսվել է վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ հանդիպմամբ։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ղարիբաշվիլին և Բենեթը քննարկել են երկու երկրների համագործակցության օրակարգի կարևոր հարցեր։ Իսրայելի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ղարիբաշվիլիին երկրորդ պաշտոնական այցի համար։

Ղարիբաշվիլին էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Իսրայելի վարչապետին հյուրընկալության համար:

«Մեզ համար մեծ պատիվ է լինել այստեղ։ Մենք մտերիմ ընկերներ ենք, և այս բարեկամությունը գոյություն ունի արդեն 26 դար: Կրկին շնորհակալություն եմ հայտնում»,- ասել է Ղարիբաշվիլին։

Հանդիպամն ընթացում նշվել է, որ 2022 թվականը երկկողմ հարաբերություններում հոբելյանական է, քանի որ լրանում է դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30 տարին, և տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության դրական դինամիկան հնարավորություններ է ստեղծում զարգացնելու գործընկերությունը բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ կրթությունը, ենթակառուցվածքները, զբոսաշրջությունը, առևտուրը, գյուղատնտեսությունը։

Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարները։

«Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Իսրայելի վարչապետին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ցուցաբերած ամուր աջակցության համար։

Իսրայելի վարչապետի հետ հանդիպմանը մասնակցել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն, Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին, Իսրայելում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լաշա Ժվանիան և կառավարության ղեկավար Ռևազ Ջավելիձեն»,- ասված է հաղորդագրության մեջ: