Ղարիբաշվիլիի և Զուրաբիշվիլիի ելույթը՝ ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունների կապակցությամբ 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններ 2022 թվական»-ի պատվավոր հյուրերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ շնորհավորել է բոլորին ՆԱՏՕ-Վրաստան հրամանատարաշտաբային զորավարժությունների կապակցությամբ։ 

«Այս զորավարժությունները Վրաստանում արդեն երրորդ անգամ են անցկացվում, որը մեծ նշանակություն ունի պաշտպանության ուժերի պատրաստվածության ամրապնդման, կառավարման բարելավման և դաշինքի հետ համատեղելիության բարձրացման առումով», — ասել է վարչապետը։ 

Կառավարության ղեկավարի խոսքով, այս զորավարժությունները Վրաստանին ՆԱՏՕ-ի հզոր քաղաքական և գործնական աջակցության ևս մեկ վառ ապացույց են. 

«Սա ևս մեկ անգամ ապացուցում է մեր բանակի և տվյալ դեպքում կառավարման բարձր որակավորումն ու պրոֆեսիոնալիզմը։ Սա մեր երկարաժամկետ և համակարգված պաշտպանական քաղաքականության արդյունքն է, որի նպատակն է ունենալ պատրաստված, ժամանակակից, ուժեղ բանակ, որը կարող է արդյունավետորեն պաշտպանել մեր երկրի ազատությունն ու անվտանգությունը։ Ես ուզում եմ հպարտությամբ ասել, որ այսօր մեր զորքերն ավելի ուժեղ են և ավելի համատեղելի ՆԱՏՕ-ի հետ, քան երբևէ»։ 

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կարծիքով էլ՝ Եվրոպայի, աշխարհի և Վրաստանի համար բարդ ժամանակաշրջանում կարևոր է շարունակաբար զարգացնել երկրի պաշտպանունակությունը, ուժեղացնել նրա ճկունությունը և ավելացնել համատեղելիությունը ՆԱՏՕ-ի չափանիշներին։ 

«2019 թվականին, երբ երկրորդ անգամ անցկացվեցին ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունները, Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներից առաջին երկիրն էր, որին հանձնարարվեց ղեկավարել ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժությունները։ Սա վստահության մեծ ցուցանիշ է։

Հատկանշական է, որ այս զորավարժությանը մասնակցել են դաշինքի 20 անդամ երկրներ և գործընկերներ և ավելի քան 560 զինծառայող։ Սա ինքնին պատասխան է Ռուսաստանի կրկնվող սպառնալիքներին»,- ասել է նախագահը։ 

Զուրաբիշվիլին նաև շնորհակալություն է հայտնել մասնակիցներին՝ Վրաստանի գործընկերներին, Վրաստանի պաշտպանության բանակում ներդրած ավանդի համար. 

«Շնորհակալություն Եվրոպայի և տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում ցուցաբերած ամուր միասնության համար։ Ես հպարտ եմ, որ Վրաստանը կարևոր դեր է խաղում այս դժվարին գործընթացում և այս դժվարին ժամանակաշրջանում»։ 

Նշենք, որ ՆԱՏՕ-Վրաստան ընթացիկ զորավարժությունները կավարտվեն վաղը՝ մարտի 25-ին։