Այսօր լրանում է վրաց-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը

Այսօր լրանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ Այս մասին հայտարարություն է տարածում Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը։

«Այսօր մենք նշում ենք ԱՄՆ-Վրաստան դիվանագիտական ​​հարաբերությունների 30-ամյակը։ Միացյալ Նահանգները հպարտանում է մեր ամուր հարաբերություններով, համագործակցությամբ՝ նպատակ ունենալով զարգացնել և ամրապնդել վրացական ժողովրդավարական ինստիտուտները, վրացական բիզնեսների և ձեռնարկատերերի հետ աշխատելով՝ զարգացնել վրացական տնտեսությունը և ամրապնդել Վրաստանի անվտանգությունը»։

Դեսպանության հայտարարությամբ՝ ԱՄՆ-ի և Վրաստանի սերտ համագործակցության ապացույցն է դեսպանության աջակցությամբ կառուցված 100-ից ավելի դպրոցները, ֆինանսավորված ծրագրերը և նախագծերը, կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ Վրաստանի ժողովրդին ցուցաբերված աջակցությունը։