Կղավելաշվիլին Մարիամոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 226 մարդու

«Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին, Սուրբ Աստվածածնի Վերափոխման (Մարիամոբա) տոնի առթիվ, ներում է շնորհել 226 մարդու։

Նրանց թվում են նաև եվրոպամետ և հակակառավարական ցույցերի մասնակիցներ։

Մասնավորապես, ըստ պաշտոնական հաղորդագրության, «Վրացական երազանք»-ի  վեցերորդ նախագահ ընտրված Կղավելաշվիլին ներում է շնորհել․

 Սաբա Ջիքիային – 18-ամյա ուսանող, որին ձերբակալել էին 2024 թվականի դեկտեմբերի 5-ին՝ նոյեմբերի 30-ին Ռուսթավելիի պողոտայում ընթացող ակցիայի ժամանակ ոստիկանին հարվածելու մեղադրանքով։

 Դավիթ Խոմերիկիին – ձերբակալվել էր 2024 թվականի դեկտեմբերի 2-ին։ Ոստիկանության պնդմամբ՝ նա արհեստականորեն փակել էր ճանապարհը և չէր ենթարկվում իրենց պահանջներին։

 Թորնիկե Մճեդլիշվիլիին – ձերբակալվել էր հոկտեմբերի 4-ի գործով։

 Ֆրիդոն Բուբուտեիշվիլիին – ձերբակալվել էր 2024 թվականի մայիսի 1-ին՝ բողոքի ակցիայի ժամանակ։

 Դանիել Մումլաձեին – ձերբակալվել էր Ռուսթավելիի պողոտայում տեղադրված տեսահսկման տեսախցիկները խմբակային վնասելու համար։

 Գուրամ Խուտաշվիլիին – ձերբակալվել էր Ռուսթավելիի պողոտայում տեղադրված տեսահսկման տեսախցիկները խմբակային վնասելու համար։

 Ավթանդիլ Թոփչիշվիլիին – ձերբակալվել էր հոկտեմբերի 4-ի «խաղաղ տապալման» գործով։

 Սիմոն Մախարաձեին – ձերբակալվել էր հոկտեմբերի 4-ի «խաղաղ տապալման» գործով։

Հայտարարության համաձայն՝ ներումը վերաբերել է 217 ազատազրկված և 6 այլ խափանման միջոցով դատապարտված անձանց, իսկ 3 անձի դատվածությունը հանվել է։

«Սահմանադրությամբ Վրաստանի նախագահին  վերապահված բացառիկ լիազորության կիրառումը հիմնված է մարդասիրության սկզբունքի և պետական շահի վրա»,- ասված է հաղորդագրությունում։