Վրաստանի բնակչության 96.4%-ն ամեն օր օգտվում է համացանցից

Վերջին 3 ամսվա ընթացքում Վրաստանի 15 տարեկան և ավելի տարիքի բնակչության բացարձակ մեծամասնությունը (96․4%-ը) համացանցից օգտվում է ամեն օր կամ գրեթե ամեն օր։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ օգտատերերի գրեթե 100%-ը համացանցին հասանելիության համար օգտագործում է բջջային սարքեր, իսկ 38․6%-ն օգտվում է առցանց գնումներից։

Հետազոտության համաձայն՝ համացանցի օգտատերերի 96․4%-ը ցանցն օգտագործում է ամեն օր կամ գրեթե ամեն օր, 3․4%-ը՝ շաբաթական առնվազն մեկ անգամ, իսկ 0․2%-ը՝ ավելի հազվադեպ։

Քաղաքային բնակավայրերում ամենօրյա օգտատերերի մասնաբաժինը 98․0% է, իսկ գյուղերում՝ 93․5%։

Տարիքային խմբերում ամենաակտիվը 15-29 տարեկան բնակչությունն է (99․0%), թեև բարձր ակտիվությամբ աչքի է ընկնում նաև 60 տարեկան և ավելի բարձր տարիքային խումբը (92․8%)։

Համացանցի օգտատերերի 99․8%-ը անլար համացանցին միանալու համար օգտագործել է բջջային սարք (սմարթֆոն, դյուրակիր համակարգիչ, պլանշետ և այլն)։

Ինչ նպատակով է բնակչությունն օգտագործում համացանցը։

Տվյալների համաձայն՝ 15 տարեկան և ավելի բարձր տարիքի օգտատերերի շրջանում համացանցից օգտվելու հիմնական նպատակները բաշխվել են հետևյալ կերպ․

 Սոցիալական ցանցերի օգտագործում — 97․5%

 Համացանցային (ձայնային/տեսանյութ) կապ — 97․0%

 Համացանցային բանկային ծառայություններից օգտվելը — 61․0%

 Առողջապահական հարցերի վերաբերյալ տեղեկատվության որոնում — 54․5%

 Ապրանքների և ծառայությունների մասին տեղեկատվության որոնում — 50․2%

 Առցանց լրահոսի/թերթերի/ամսագրերի ընթերցում — 49․0%

 Էլեկտրոնային փոստի ստացում/ուղարկում — 41․7%

 Ծրագրային ապահովման ապրանքների ներբեռնում — 15․8%

 Աշխատանքի փնտրում կամ աշխատանքի դիմումների ուղարկում — 11․5%

Վերջին 12 ամսվա ընթացքում համացանցից օգտվող բնակչության 38․6%-ն առցանց գնել կամ պատվիրել է ապրանք/ծառայություն։ Նշված ցուցանիշում ի հայտ են եկել հստակ տարբերություններ՝ ըստ սեռի, բնակավայրի տեսակի և տարիքի․

 Քաղաքային բնակավայրերում առցանց գնումներ է կատարել բնակչության 42․7%-ը, իսկ գյուղական բնակավայրերում՝ 31․0%-ը։

 Սեռային կտրվածք․ Էլեկտրոնային առևտրից կանայք ավելի ակտիվորեն են օգտվում՝ 42․5%, տղամարդկանց շրջանում այս ցուցանիշը կազմում է 34․2%։

 Տարիքային խմբեր․ Առցանց գնումներում ամենաբարձր մասնաբաժնով առաջատար են երիտասարդները. 15-29 տարեկան — 63․0%, 30-59 տարեկան — 39․9%, 60+ տարեկան — 17․5%։