Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ու Ճապոնիայի թվային գործակալության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր թվայնացման ոլորտում համագործակցության մասին, հայտնել է էկոնոմիկայի նախարարությունը։
Նախարարության հաղորդմամբ` «Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ու Ճապոնիայի թվային գործակալության միջև թվայնացման ոլորտում համագործակցության մասին» հուշագիրը ստորագրել են Վրաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Թամար Իոսելիանին և Ճապոնիայի թվային տրանսֆորմացիայի խորհրդարանական փոխնախարար Հիդետո Կավասակին։
«Այս գործընթացում մեզ համար հատկապես արժեքավոր է այնպիսի երկրի փորձը, ինչպիսին Ճապոնիան է, որն ունի զգալի գործնական փորձ ինչպես թվային կառավարման, այնպես էլ առաջատար տեխնոլոգիաների զարգացման ու դրանք տնտեսական և հասարակական գործընթացներում ինտեգրելու ուղղությամբ»,- նշել է Թամար Իոսելիանին։
էկոնոմիկայի նախարարությունը հաղորդել է, որ կողմերի միջև կայացած հանդիպմանը զրույց է ընթացել թվային տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների արդյունավետ համագործակցության շուրջ։ Սահմանվել են հաղորդակցման ուղղություններ, ծրագրեր և գործողություններ, որոնց շուրջ աշխատելու են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունն ու Ճապոնիայի թվային տրանսֆորմացիայի նախարարությունը։ Նշվել է, որ Վրաստանի թվային տնտեսության և տեղեկատվական հասարակության զարգացման 2025–2030 թվականների ռազմավարության հիմնական ուղղություններից մեկը թվային կառավարման և քաղաքացիակենտրոն թվային հանրային ծառայությունների հետագա զարգացումն է, և այս առումով Ճապոնիայի նման երկրի փորձի փոխանակումը շատ կարևոր է։