Հանրային դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական տարին

Վրաստանի հանրային դպրոցներում սկսվել է նոր ուսումնական տարին։ 2026-2027 ուսումնական տարում Վրաստանի հանրային դպրոցներում գրանցվել է 37 հազար 733 առաջին դասարանցի։

I, V, VII, IX և X դասարանների աշակերտներն այս տարի կսովորեն նոր դպրոցական դասագրքերով։

Այս տարվա նորություններից են նաև դպրոցական համազգեստները, որոնց վաճառքն առաջին դասարանցիների համար սկսվել է սեպտեմբերի 1-ից։

Կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեի որոշմամբ՝ փոփոխություններ են կատարվել նաև Ազգային ուսումնական պլանում։

Փաստաթղթի համաձայն՝ կիսամյակի ընթացքում հանրային դպրոցի աշակերտը կգնահատվի հետևյալ երեք բաղադրիչներով․ ա) ընթացիկ տնային առաջադրանք, բ) ընթացիկ դասարանական առաջադրանք, գ) ամփոփիչ առաջադրանք։ Բաղադրիչները կունենան հավասար կշիռ։

Ըստ նույն փաստաթղթի` եթե աշակերտը որևէ առարկայից ունի 5.0-ից ցածր տարեկան գնահատական, դպրոցը պարտավոր է նրան առաջարկել վերականգնողական (ռեմեդիացիա) ծրագիր՝ նախքան աշնանային քննության անցկացումը։

«Եթե հանրային դպրոցը որոշի որևէ առարկայի/առարկաների դեպքում աշակերտի գնահատման նպատակով կիրառել միայն ամփոփիչ բաղադրիչը, ապա պարտավոր է համապատասխան հիմնավորում ներկայացնել համաձայնեցման այն կրթական ռեսուրսկենտրոնին, որի գործունեության տարածքում գտնվում է տվյալ դպրոցը։ Աբխազիայի և Աջարիայի Ինքնավար Հանրապետությունների տարածքում գտնվող հանրային դպրոցների դեպքում հիմնավորումը նույն ընթացակարգերի պահպանմամբ ներկայացվում է կրթության ոլորտում լիազորված համապատասխան նախարարությանը։

Ամփոփիչ առաջադրանքի բաղադրիչում պարտադիր է ստեղծագործական և համատեքստային առաջադրանքների կիրառումը, որոնք պահանջում են ստացված գիտելիքների կիրառում պրակտիկայում և համալիր խնդիրների լուծում (օրինակ՝ էսսե, նախագիծ, հետազոտական/դաշտային հաշվետվություն, ստեղծագործական պրոդուկտ, տվյալների վերլուծություն և այլն)։ Ամփոփիչ առաջադրանքի վավերականությունն ու օբյեկտիվությունն ապահովելու համար պարտադիր է նախապես մշակված գնահատման չափանիշների կիրառումը, որն ուսումնական գործընթացի թափանցիկության նպատակով նախապես տրամադրվում է աշակերտին։

Եթե հանրային դպրոցի աշակերտը բացակայության պատճառով չի կարողանում կատարել որևէ ամփոփիչ առաջադրանք, դպրոցը պարտավոր է նրան հնարավորություն տալ վերականգնելու բաց թողնված ամփոփիչ առաջադրանքը։ Բաց թողնված ամփոփիչ առաջադրանքների վերականգնման ժամկետները և անցկացման ձևը սահմանվում են դպրոցական ուսումնական պլանով։

Հոսպիտալացմամբ պայմանավորված ուսումնական դժվարությունների դեպքում դպրոցը պարտավոր է աշակերտի ուսուցումն ու գնահատումն իրականացնել վերականգնողական ծրագրով և/կամ տնային ուսուցման միջոցով»,- նշված է Ազգային ուսումնական պլանում։