Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարին

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Նյու Յորքում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։

Հիշեցնենք, որ «Վրացական երազանք»-ի կառավարության ղեկավարն անցյալ շաբաթ, իր թիմակիցների նման, քննադատել էր Եվրոպայի խորհրդին՝ «Թբիլիսիի քաղաքական հետազոտությունների դպրոցի» (TSPS) հետ համատեղ Բախմարոյում անցկացված դասընթացի (թրենինգի) համար։

Հանդիպումից 2 օր առաջ՝ սեպտեմբերի 21-ին, Պետական աուդիտի ծառայությունը հայտարարեց, որ կուսումնասիրի Եվրոպայի խորհրդից Թբիլիսիի քաղաքական հետազոտությունների դպրոցի (TSPS) «դրամաշնորհ ստանալու» հարցը։

Եվրոպայի խորհուրդը ժխտել է դրամաշնորհի հատկացման մասին պնդումը` հայտնելով, որ նախկին քաղաքական գործիչ Արմազ Ախվլեդիանիի կազմակերպությունը՝ TSPS-ը, միայն սեմինարի հյուրընկալողն է եղել։

Իրակլի Կոբախիձեն սեպտեմբերի 18-ին այս հարցի վերաբերյալ «համապատասխան իրավական արձագանք» էր պահանջել, «եթե իրոք հաստատվի, որ խախտվել է «Թափանցիկության մասին» օրենքը»։

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը, որը կայացել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում, զրույցը վերաբերել է Վրաստանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա բազմամյա արդյունավետ համագործակցությանը։ Նշվել է կազմակերպության նշանակալի աջակցությունը երկրում ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ուղղությամբ։