Սոցիալական նպաստ ստացողների թիվը Վրաստանում կրկին կրճատվել է.

Վրաստանի սոցիալական ծառայության գործակալության տեղեկատվությամբ՝ 2026 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ 163 հազար 111 անձի կասեցվել է գոյության նպաստի հատկացումը։

Ինչ վերաբերում է սեպտեմբերին, օգոստոսի համեմատությամբ, նպաստ ստացողների թիվը նվազել է 23 հազար 241-ով։ Արդյունքում, նպաստ է ստանում ընդհանուր առմամբ 547 հազար 115 անձ։ Նրանից 141 հազար 653 մարդ ընդգրկված է զբաղվածության պետական ծրագրում, որը 2026 թվականից այլևս չի շարունակվել, սակայն նրանք, ովքեր ունեն 4-ամյա ժամկետն ավարտելու անհրաժեշտություն, դեռևս մնում են համակարգում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե ընթացիկ տարվա հունվարին այս ծրագրից օգտվում էր շուրջ 246 հազար անձ, ապա սեպտեմբերի դրությամբ նրանց քանակը նվազել է մինչև 141 հազար 653։ Այնուամենայնիվ, 13%-ով նվազել է նաև ծրագրից դուրս նպաստ ստացողների թիվը։

Ուշագրավ է, որ հոկտեմբերի 7-ին, կառավարության նիստի ավարտից հետո, առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն հայտարարեց, որ նպաստառուների բազաների վերանայման արդյունքում պետությունը մի քանի տասնյակ միլիոն լարի է խնայել։

«Քանի որ բազան դինամիկ է և մշտապես փոփոխվում է տարբեր գործոնների հաշվառմամբ, դրան ավելանում են նոր ընտանիքներ կամ հեռանում են։ Այս փուլում հստակ թվեր նշելն անհնար է։ Սակայն վստահաբար կարող եմ ձեզ ասել, որ բազայի ամբողջական ճշգրտումից հետո խոսքը գնում է մի քանի տասնյակ միլիոն լարիի խնայողության մասին», — հայտարարեց Սարջվելաձեն։

Երկրում նպաստ ստացողների թվի աճը սկսվեց 2020 թվականից, երբ համավարակի պատրվակով սոցիալապես անապահով բնակչության վերաստուգումը կասեցվեց։ Դրան 2022 թվականից ավելացավ նաև զբաղվածության պետական ծրագիրը, որը նպաստառու անձանց պետք է նախապատրաստեր աշխատաշուկայի համար, սակայն վարչապետ Կոբախիձեն ասում է, որ նախորդի օրոք գործարկված ծրագիրն անօգուտ էր, իսկ զբաղվածությունը՝ ձևական։ Մինչդեռ, կառավարության կողմից անօգուտ գնահատված ծրագրի վրա բյուջեից ծախսվել է ավելի քան 300 միլիոն լարի։