Բոլտոնը Վրաստանի հավատարիմ բարեկամն է. վարչապետ

Հոկտեմբերի 26-ին Վրաստան է այցելելու ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը: Կառավարության նիստից առաջ վարչապետ Մամուկա Բախտաձեն լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «Բոլտոնը Վրաստանի հավատարիմ բարեկամն է» և նրա հետ հանդիպել է նաև սեպտեմբերին ԱՄՆ կատարած այցի ժամանակ:

Վարչապետի խոսքերով, ԱՄՆ-ում Բոլտոնի հետ հանդիպման ժամանակ խոսել են երկկողմ հարաբերությունների զարգացման և տարածաշրջանում առկա մարտահրավերների մասին:

«Ջոն Բոլտոնը Վրաստանի հավատարիմ բարեկամն է, որը կոնկրետ տեսլական ունի, թե ինչպես ենք կարող էլ ավելի զարգացնել ռազմավարական հարաբերությունները մեր երկու երկրների միջև: Այցի շրջանակներում կխոսենք մի շարք կարևոր հարցերի շուրջ: Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները երբեք այսքան բարձր մակարդակի չեն եղել: Ավելին՝ երբեք այսքան համապարփակ չեն եղել», — հայտարարել է վարչապետը:

Մինչ այդ Բոլտոնը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին, ինչպես նաև այցելել է Բաքու և Երևան: