Երեկվա օրը համառոտ. մարտի 27

Վերջին օրերին Վրաստանի քաղհասարակությունը, ԶԼՄ-ներն ու մի շարք հասարակական կազմակերպություններ քննարկում են իշխանամետ համարվող POSTV-ի լրագրողների կողմից նախկին հաղորդավարուհի Թաթիա Սամխարաձեի դեմ ձեռնարկած գործողությունները:

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր կին պատգամավորները հայտարարություն են տարածել և համերաշխություն հայտնել այն բոլոր կանանց, որոնք սեռական ոտնձգությունների կամ այլ տեսակի իրավունքների ոտնահարման են ենթարկվել։

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին արձագանքել է իշխանական համարվող POSTV-ի ղեկավար Շալվա Ռամիշվիլի կողմից մի քանի կանանց նկատմամբ հնարավոր սեռական ոտնձգությունների մասին հրապարակված փաստերին և իր լիակատար պատրաստակամությունն է հայտնել ուսումնասիրել ենթադրյալ բռնության զոհերի դեպքերը, եթե նրանք ցանկանան:

Այս շաբաթ Վրաստանի օրենսդիր մարմնում կլսեն երկրի նախագահին, խորհրդարանի բյուրոյի նիստում ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, արձագանքելով Նորվեգիայի կողմից Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին մրցանակի շնորհմանը, նրան համեմատել է Նորվեգիայում 77 մարդու կյանք խլած և դատապարտված ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի հետ։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) զեկույցի համաձայն, Ախալքալաքի մունիցիպալ ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց տնօրենի ընկերությունը հաղթում է տեղական մրցույթները:

Եվրախորհրդի խոշտանգումների դեմ կոմիտեի անդամներն այսօր՝ մարտի 27-ին, կրկին այցելել են «Վիվամեդ» կլինիկա, որտեղ գտնվում է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին:

Վրաստանի մրցակցության ազգային գործակալությունը սկսել է դեղագործական շուկայում չորս դեղագործական ընկերությունների հետաքննության գործընթացը։