Չանախչիում ջրհորի 60 մետրն արդեն հորատվել է

Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի շրջանում՝ վրաց-հայկական սահմանին գտնվող Չանախչի գյուղում խմելու ջրի մատակարարման համակարգ անցկացնելու համար ջրհորի հորատման աշխատանքներն ակտիվորեն ընթանում են, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է Մառնեուլիի սակրեբուլոյի պատգամավոր Արսեն Հախվերդյանը: 

Հախվերդյանի փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ մեքենաներն արդեն հորատում են 60 մետր խորությամբ:

Ի դեպ, Չանախչի գյուղում նախատեսվում է 180 մետր խորությամբ ջրհոր կառուցել, խմելու ջուրը հասցնել ջրահավաք ավազան, ինչպես նաև գյուղում խմելու ջրի ներքին ցանց անցկացնել։ Հարկ է նշել, որ Չանախչի գյուղում խմելու ջրի մատակարարման համակարգ անցկացնելու համար Մառնեուլիի քաղաքապետարանը 887 հազար 661 լարիի մրցույթ էր հայտարարել հունվարին:

Չանախչի գյուղի բնակչուհի Աննա Վերմիշյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրուցում ասել է, որ խմելու ջրի խնդիրը գյուղի գլխավոր և առաջնային հարցերից է:

Հատկանշական է, որ ավելի վաղ՝ «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցներում Չանախչի գյուղի բնակիչները և հատկապես տարեցները նույնպես գյուղի առաջնային խնդիներից են համարել խմելու ջրի բացակայութունը. «Խմելու ջրի աղբյուրը ահագին հեռու է գյուղից. մեզ համար դժվար է այս տարիքում հասնել այնտեղ և ջուր բերել»:

Հիշեցնենք. 2022 թվականի դեկտեմբերին՝ «Ալիք Մեդիա»–ի ֆեյսբուքյան ուղիղ եթերում Մառնեուլիի սակրեբուլոյի պատգամավոր Արսեն Հախվերդյանը հայտարարել էր, որ Չանախչի գյուղի խմելու ջրի համար կա համապատասխան ծրագիր:

Չանախչի գյուղում 180 մետր խորությամբ ջրհոր կկառուցվի