Սոցիալական ծառայությունների գործակալության տեղեկատվությամբ՝ այս տարի կենսաապահովման նպաստը դադարեցվել է 71 հազար 312 երեխայի (0-18 տարեկան անձինք) համար: Ընդհանուր առմամբ, հունվար-հոկտեմբեր ամիսներին օգնությունը դադարեցվել է 191 հազար 736 անձի համար, ինչը նշանակում է, որ նրանց 37%-ը երեխաներ են եղել:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հունվարին օգնություն էր ստանում 0-18 տարեկան 279 հազար 366 անձ, սակայն հոկտեմբերի դրությամբ նրանց թիվը նվազել է՝ հասնելով 208 հազար 54-ի: Այս թվի մեջ մտնում են ինչպես կենսաապահովման նպաստ ստացողները, այնպես էլ զբաղվածության պետական ծրագրի մասնակիցների ընտանիքների անդամները: Այս ծրագիրն ընթացիկ տարվանից դադարեցվել է, և համակարգում մնում են միայն այն անձինք ու, համապատասխանաբար, նրանց ընտանիքների անդամները, որոնց քառամյա ժամկետը դեռ չի լրացել:
Այս տարի սոցիալական նպաստ ստացողներին փոխանցված գումարը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 83 մլն լարիով: Դրանից անմիջապես կենսաապահովման նպաստ ստացող ընտանիքներին հատկացվող գումարի նվազումը կազմում է մոտ 30 մլն լարի, իսկ զբաղվածության պետական ծրագրի մասով կրճատումը գերազանցում է 52 մլն լարին:
Երկրում կենսաապահովման նպաստ ստացողների թվի աճը սկսվել էր 2020 թվականից, երբ համավարակի պատրվակով դադարեցվեց սոցիալապես անապահով բնակչության վերստուգումը: Դրան 2022 թվականից ավելացավ նաև զբաղվածության պետական ծրագիրը, որը պետք է նպաստառու անձանց նախապատրաստեր աշխատաշուկայի համար, սակայն վարչապետ Կոբախիձեն ասում է, որ նախորդի օրոք գործարկված ծրագիրն անօգուտ էր, իսկ զբաղվածությունը՝ ֆիկտիվ: Մինչդեռ կառավարության կողմից անօգուտ գնահատված ծրագրի վրա բյուջեից ծախսվել է ավելի քան 300 միլիոն լարի: