Աբխազիան և Հվ․ Օսիան՝ Վրաստանի վրա ազդելու միջոց

«Ռուսաստանը շարունակում է Վրաստանի շրջանների բռնակցումը: Նրա նպատակը Վրաստանի ողջ տարածքները ռուսական ազդեցության գոտի վերադարձնելն է, ինչի համար ձեռնարկում է բոլոր միջոցները»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է «Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտի» հիմնադիր, մարդու իրավունքների նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին:

Անդրադառնալով Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի և Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի՝ Աբխզիայի՝ Ռուսատան-Բելառուս միութենական պետությանը միանալու հայտարարություններին, Նանուաշվիլիի նկատում է՝ Ռուսաստանն էր, որ նախկինում հակամարտություններ էր հրահրում. Ռուսաստանը փորձում է ուժեղացնել իր ազդեցությունը Վրաստանի կառավարության վրա, այդ թվում՝ օկուպացված տարածքների բռնակցման ուղղակի կամ անուղղակի սպառնալիքների միջոցով։

«Ընդհանրապես, Ռուսաստանի քաղաքականությունն ավելի պարզ է դարձել վերջին տարիներին, այնքան, որ Աբխազիայում ի հայտ են եկել ռուսական քաղաքականության բազմաթիվ հակառակորդներ»,- ասում է Նանուաշվիլին:

Նա նկատում է՝ աբխազական հասարակությունն արդեն տեսնում է այդ խնդիրները, հատկապես Ուկրաինայում շարունակվող պատերազմը, որտեղ Ռուսաստանը նույնիսկ հազարավոր սեփական քաղաքացիների է զոհաբերում իմպերիալիստական ​​քաղաքական նպատակների համար։

Ուստի, ըստ նախկին օմբուդսմենի, վրացական իշխանությունները պետք է խորացնեն հիշյալ խնդիրների հարցով շփումները աբխազական հասարակության, մյուս կողմից՝ միջազգային հանրության ու Արևմուտքի հետ.

«Ռուսաստանն օգտագործում է բոլոր մեթոդները Վրաստանի իշխանությունը թուլացնելու համար՝ մերթ Ցխինվալիում հանրաքվե անցկացնելու, երբեմն Ռուսաստանի հետ ընդհանուր միության մեջ միավորվելու գաղափարով փորձելով ազդել Վրաստանի վրա»:

Նանուաշվիլին ընդգծում է՝ Վրաստանը պետք է հատուկ ծրագիր ունենա անեքսիայի և օկուպացիայի դեմ և օգտագործի բոլոր մեխանիզմները՝ թուլացնելու ռուսական քաղաքականությունն ու ազդեցությունը։

«Ռուսաստանի համար երբեք դժվար չի եղել սադրանքներ հրահրելը, և Վրաստանը պետք է ունենա հատուկ ռազմավարություն, որը նախատեսված է նման ռիսկերի համար»,- ամփոփում է Վրաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպանը:

Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) նախագահ, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ Աբխազիայի հետ կապված այսօր կա ստատուս քվո, որը չի փոխվել 2008 թվականի ռուսական ագրեսիայից՝ պատերազմից հետո։

«Առանց Աբխազիայից ռուսական զորքերի դուրսբերման, այս ստատուս քվոն փոխելու իրատեսական հնարավորությունը նվազագույն է։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը փորձում է Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի հարցը օգտագործել Վրաստանի դեմ, սակայն նրա հնարավորությունները սահմանափակվում են 2008 թվականի սեփական սխալ որոշմամբ»,- նկատում է Մելաշվիլին:

Քաղաքագետն ընդգծում է՝ Վրաստանի համար Բիճվինթայի հարցը Վրաստանի ճշմարտացիության հերթական հաստատումն է, սակայն կարևոր է հասկանալ օկուպացված շրջանի բնակչության արձագանքը, հասկանալ դրա պատճառները և առանց պատրանքների աշխատել օկուպացված տարածքում ապրող բնակչության հետ։

Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին կարծում է՝ աբխազները գիտակցում են, որ իրենց անկախությունը ոչինչ չի նշանակում Ռուսաստանի համար․

«Նրանց այն ավելի վաղ զգացումը, թե իրական անկախություն են ձեռք բերել, հիմա արդեն խեղաթյուրվում է, և դա երևում է սոցիալական ցանցերում աբխազ հասարակության վրդովմունքից»:

Զաքարեիշվիլին նկատում է՝ Ռուսաստանին թեև դուր չի գալիս Վրաստանի ներկա իշխանության վարքագիծը, այդուհանդերձ Ռուսաստանի նպատակն այս իշխանությանը տապալելը չէ.

«Կարծես թե Ռուսաստանն ու «Վրացական երազանքը» փոխադարձ չգրգռելու քաղաքականություն ունեն»:

Վերաինտեգրման հարցերով նախկին նախարարը նշել է, որ Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում և Ցխինվալիում հանրաքվեն կդառնա անեքսիայի հիմք, և ցանկացած անեքսիա կարող է ճակատագրական լինել Վրաստանի գործող իշխանության համար:

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում հայտարարել է, որ Աբխազիան պատրաստ է միանալ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը:

Նշենք, որ Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի կարծիքով, եթե Վրաստանից չվերահսկվող Աբխազիան միանա Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը, կողմերի համար ավելի հեշտ կլինի պայմանավորվել ՌԴ քաղաքացիների կողմից «հանրապետությունում» հողերի գնման վիճահարույց հարցի դրական լուծման շուրջ։

Ռուսամետ քարոզչությունը Վրաստանին ռուսական ուղեծիր վերադարձնելու փորձ է. քննարկում են փորձագետները

Ռուսաստանի պահանջները՝ Ցխինվալիի և Աբխազիայի «անկախության» դիմաց

«Հարավային Օսիայի Ղրիմացում», թե՞ ճնշումներ Վրաստանի վրա. Ռուսաստանի նախաձեռնած «նոր անեքսիան». կարծիքներ