Աբխազիայի դե ֆակտո նախագահի վարչակազմի ղեկավարը հրաժարական է տվել

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան հրաման է ստորագրել իր վարչակազմի ղեկավար Ջանսուղ Նանբային պաշտոնանկ անելու մասին։ Որոշման պատճառը Նանբայի այլ աշխատանքի տեղափոխվելն է։

Աբխազիայի դե ֆակտո նախագահի մամուլի քարտուղար Մարիանա Կվիցինիան Կրեմլից վերահսկվող «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է, որ Նանբան հրաժարականի դիմումը գրել է սեպտեմբերի 4-ին՝ իր կամքով։

Ուշագրավ է, որ Նանբան Բժանիայի վարչակազմի ղեկավար է նշանակվել 2022 թվականի օգոստոսին։ Մինչ այդ նա ղեկավարում էր դե ֆակտո ֆինանսների նախարարությունը։

Ի դեպ, սեպտեմբերի 4-ին աբխազական Telegram-յան ալիքներով տեղեկություն է տարածվել, որ դե ֆակտո հանրապետության արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան հրաժարական է տվել։ Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, «Ինտերֆաքս» գործակալությունը գրում է, որ Արձինբայի հրաժարականը հաստատել է «հանրապետության կառավարության աղբյուրը», սակայն «նախագահ» Բժանիան դեռ չի ընդունել Արձինբայի հրաժարականը։