Աբխազիայում սպասում են Ռուսաստանի ԱԽ քարտուղարի տեղակալին

Հունվարի 10-ին Աբխազիայի դե ֆակտո իշխանությունները սպասում են ՌԴ-ի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևին: Այս մասին ռուսական «Տասս» գործակալությանը տեղեկացրել է դե ֆակտո հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Մուհամմադ Կիլբան:

«Հանրապետությունում իրավիճակը կայուն է, դժվար, բայց լիովին վերահսկելի», — Աբխազիայում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ ասել է Կիլբան:

Սոխումիում արդեն երկրորդ օրն է, որ ընդդիմադիր ուժերը բողոքի ցույց են անում:

Կիլբան չի նշել Նուրգալիևի Սոխումի ժամանելու պատճառը, նա ասել է միայն, որ լարվածությունն ազդում է Սոխումիի կենտրոնի վրա, և անվտանգության լրացուցիչ միջոցառումներ չեն նախատեսվում:

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի Սոխումիում տեղի ունեցող զարգացումները դիտարկում է որպես «Աբխազիայի ներքին գործ»: