ԱԳ նախարարը ԵՄ դեսպանին է հանձնել Եվրահանձնաժողով ուղարկվելիք զեկույցը

Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին այսօր Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկիին է փոխանցել Եվրահանձնաժողովի համար նախատեսված զեկույցը, որն առաջին անգամ պատրաստվել է կոպենհագենյան չափանիշներին համապատասխան՝ ընդլայնման փաթեթի շրջանակներում, տեղեկացնում է Վրաստանի ԱԳՆ-ն:

Արտաքին գերատեսչության փոխանցմամբ՝ զեկույցը հաստատվել է 2023 թվականի ապրիլի 18-ին՝ Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման հանձնաժողովի 66-րդ նիստի շրջանակներում, որը վարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ըստ տեղեկության՝ փաստաթուղթը ներառում է 35 գլուխ և նկարագրում է վերջին մեկ տարում Վրաստանի իրականացրած օրենսդրական, ինստիտուցիոնալ և այլ գործունեությունն ու այդ ուղղությամբ պետության ձեռք բերած առաջընթացը։

«Հարկ է նշել, որ զեկույցի պատրաստումը սկսվել է փետրվարի վերջին՝ Եվրահանձնաժողովի խնդրանքին համապատասխան, և գործընթացը համակարգել է արտաքին գործերի նախարարությունը։

Գործընթացում ներգրավված են եղել պետական ​​բոլոր գերատեսչությունները, ինչպես նաև օրենսդիր և դատական ​​մարմինները։

Նշված զեկույցի հիման վրա Եվրահանձնաժողովը Վրաստանը կգնահատի Կոպենհագենի թեմատիկ չափանիշներով, որը ներառում է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ ոլորտային մասեր»,- նշված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ Եվրահանձնաժողովի գնահատման զեկույցը կհրապարակվի 2023 թվականի աշնանը, որի հիման վրա 2023 թվականի վերջին Եվրոպական խորհուրդը կքննարկի Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու հարցը.

«Զեկույցին կից ԵՄ դեսպանին է տրվել նաև Հարևանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատարին ուղղված ԱԳՆ ղեկավարի նամակը, որում նշվում է, որ ընդլայնման փաթեթի շրջանակներում Վրաստանի պատրաստած փաստաթուղթը ներառում է համապարփակ տեղեկատվություն. ներառյալ՝ բոլոր ուղղություններով համապատասխան վիճակագրական տվյալներ»: